Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ-ից մեկնած քաղաքացիները եթե պատվաստված են, վերադառնալիս որևէ գործողություն չեն անի․ Փաշինյան (տեսանյութ)

 Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման միջոցառումների արդյունավետ իրականացնելու նպատակով: Ըստ այդմ, առաջարկվում է հստակեցնել ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների կողմից սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու դեպքում հոսպիտալացման կամ մեկուսացման կիրառման դրույթը: Նախատեսվում է նաև ՀՀ մուտք գործող անձի կողմից ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ՝ պատվաստման սերտիֆիկատ: Որոշումը կնպաստի նաև տուրիզմի զարգացմանը, տնտեսության որոշ ոլորտների ակտիվացմանը:

Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը՝ «կանաչ անձնագիրը», այսուհետև Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա: «ՊՇՌ թեստի բացասական արդյունքը և պատվաստման «կանաչ անձնագիրը» հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ: Պետք է ուշադրություն դարձնել, որ սա մեր երկիր մուտք գործելու պահանջն է, այլ երկրների քաղաքականությունը ևս փոփոխվում է ժամանակի ընթացքում: Պետք է ուշադիր լինել և երկրից մեկնելու համար պետք է նայել, թե տվյալ երկիրն ինչ պահանջ է ներկայացնում»,- ասել է նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ դիտարկում են և փորձում ժամանակից հետ չմնալ ու քաղաքացիներին զերծ պահել ավելորդ կատարվող հետազոտություններից և ֆինանսական միջոցներ ծախսելուց:

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է նաև այլ փոփոխության մասին, որի համաձայն՝ մինչև 1 տարեկան երեխաների երկիր մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է: «Ուսումնասիրություններ անելուց հետո հանգեցինք, որ մինչև 1 տարեկան երեխաներին զերծ պահենք: Եթե ընտանիքի անդամների մոտ բացասական է արդյունքը, ուրեմն շատ մեծ է հավանականությունը, որ մինչև 1 տարեկան երեխան այլոց հետ չի շփվում ու նրա թեստի արդյունքն էլ բացասական կլինի»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս որոշումը 2 կողմ ունի. «Առաջինը՝ ՀՀ-ից մեկնող մեր քաղաքացիների մասին է: Երբ նրանք պատվաստվում են և դրանից հետո են մեկնում, վերադառնալիս արդեն հավելյալ գործողություն անելու անհրաժեշտություն չեն ունենում: Սա կարևոր է: Այսինքն՝ շատ լավ կլինի, եթե մեր քաղաքացիները մեկնելուց առաջ պատվաստվեն, որպեսզի վերադառնալիս արդեն որևէ նախակորոնավիրուսային ռեժիմով մուտք գործեն մեր երկիր:

Երկրորդ կողմը վերաբերում է զբոսաշրջիկներին: Պետք է արձանագրել, որ մեր զբոսաշրջային ոլորտը վերականգնման շատ թույլ նախանշաններ է ցույց տալիս և այս առումով նույնպես կարևոր է, որ մենք հնարավորություն տանք զբոսաշրջիկներին, որոնք արդեն պատվաստվել են՝ առանց հավելյալ ստուգումների մուտք գործել երկիր: Այստեղ, իհարկե, պետք է այդ տեղեկատվությունը տարածել և ենթադրվում է, բոլոր երկրներում էլ արդեն կան այդ էլեկտրոնային «կանաչ անձնագրերը», և այս կարգավորումը պետք է վերաբերի նաև նրանց: Ուզում եմ արձանագրել նաև հետևյալը՝ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս»:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ժամանակը և դինամիկան բերում են այն համոզմունքին, որ բավականին լավ են կառավարել և կառավարում կորոնավիրուսի համավարակը. «Ես հիշում եմ, որ 2020 թվականի՝ մայիսին, հունիսին, օգոստոսին մեզ ի ցույց էին դնում մի շարք երկրների օրինակներ և մեղմ ասած փոթորիկներ էին ստեղծում մեր իրադրության շուրջ: Ես բոլոր այդ մարդկանց և մեր բոլոր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս տեսնել, թե 2020 թվականից հետո ինչ է տեղի ունեցել մեզ ի ցույց տրվող երկրներում մինչև այսօր, նայել դինամիկան, բոլոր թվերը, առողջապահական համակարգի վիճակները ու տեսնել, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում:

Մենք նաև ամենաճգնաժամային շրջանում՝ հետպատերազմական շրջանում և այլն, հասկանալի պատճառներով ունեցել ենք օրը ընդհուպ 2000 դեպք, բայց իրավիճակն այդ առումով երբեք դուրս չի եկել վերահսկողությունից: Մենք այսօր ունենք 425 դեպք, որը փոքր թիվ չէ, բայց եթե նայում ենք վերջին 10 օրվա դինամիկայի մեջ, կարող ենք արձանագրել, որ վիճակը կայունանում է: Երեկ Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ հիմա նորից հիվանդանոցները հետ են ծավալվում: Ըստ էության կարող եմ ասել, որ մենք այստեղ անհավատալի արագություններ ենք զարգացնում, թե ինչ արագությամբ ենք մենք հիվանդանոցները ծավալում և հետ ծավալում»:

Վարչապետի պաշտոնակատարը հետաքրքվել է պատվաստվածների թվով, որին ի պատասխան Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ երեկվա դրությամբ ունենք 7100 պատվաստված: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատվաստման գործընթացն ունի առաջին հերթին առողջապահական նշանակություն, հետո տնտեսական, քանի որ հատկապես զբոսաշրջության առումով հիմա հոսքերի վերաուղղորդում է տեղի ունենում. «Զբոսաշրջային հոսքերն ուղղվում են դեպի այն երկրներ, որտեղ բնակչության պատվաստման առավել բարձր մակարդակ կա: Ես ուրախ եմ արձանագրել, որ կառավարության անդամների մեծ մասն արդեն պատվաստվել է, ընդ որում՝ պատվաստվել են մեր ձեռքի տակ եղած բոլոր պատվաստանյութերով: Հայաստանը պետք է շատ արագ ձևով համալրի «կանաչ երկրների» ցանկը: Եթե մենք պատվաստումը հասցնենք պատշաճ մակարդակի՝ համոզված եմ, որ տնտեսական տեմպը ոչ միայն կպահպանվի, այլ կարագանա: Այս առումով ես հատկապես հույս ունեմ, որ մեր բիզնես հանրության ներկայացուցիչները կխրախուսեն աշխատողներին, որպեսզի կազմակերպված ձևով ընկերություններում տեղի ունենա պատվաստում: Հատկապես հիմա Առողջապահության նախարարությունը շրջիկ խմբեր է կազմակերպում, և մեծ ձեռնարկություններ կարող են նախարարության հետ պայմանավորվել, գնան տեղում իրականացնեն պատվաստումը:

Մենք հիմա մտածում ենք նաև, որ պատվաստում իրականացրած սպասարկման ոլորտի՝ հյուրանոցների, ռեստորանների, պետական հատուկ տարբերանշաններ թողարկենք՝ մուտքերի մոտ փակցնելու համար, որպեսզի զբոսաշրջիկները վստահ լինեն, որ աշխատակազմը պատվաստված է և կարող են հանգիստ այդ ռեստորանի կամ հյուրանոցի կամ որևէ այլ օբյեկտի ծառայությունից օգտվել՝ առանց մտավախություն ունենալու կորոնավիրուսով վարակվելու: Իհարկե, մենք այլ խթաններ նույնպես պետք է մտածենք, թե ինչպես շահագրգռենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք պատվաստվեն»,-ասել է վարչապետի պատոնակատարը:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է պատշաճ իրազեկման կարևորությունը. «Սա պետք է լինի առաջիկայում մեր ամենօրյա աշխատանքը՝ նախարարություններում, գերատեսչություններում, ընկերություններում: Սա չափազանց կարևոր առողջապահական, տնտեսական խնդիր է մեր երկիրն աշխարհի քարտեզի վրա ճիշտ դիրքավորելու առումով»: