Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քաղաքացիների արձագանքը՝ Հյուսիսային պողոտայում տեղակայված շարժական պատվաստումային կետի առիթով (տեսանյութ)

Հյուսիսային պողոտայում  տեղադրվել է շարժական կետ՝ կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստվելու համար։ Առողջապահության նախարարության շարժական պատվաստումային կետերը, Երևանից բացի, լինելու են նաև Վանաձորում և Գյումրիում։

Հյուսիսային պողոտայում  քաղաքացիները կարող են մոտենալ ու  պատվաստվել «AstraZeneca» կամ  Sputnik V  պատվաստանյութով։

Մարդիկ մոտենում, հետաքրքրվում էին, մի մասը միանգամից որոշում էր պատվաստվել, որոշներն էլ կասկածում էին ու մտավախություններ ունեին։ Անցորդներից մեկը նշեց՝ «AstraZeneca»-ի մասին բացասական կարծիքներ է լսել, հատկապես կապված կողմնակի ազդեցության հետ։

Առաջին պատվաստվողներից Դավիթը, սակայն, նշեց, որ վստահում է գիտությանը և եթե մասնագետները որոշել են, որ կարելի է զանգվածային պատվաստումներ սկսել ու պատվաստանյութերը անվտանգ են, ինքը ոչ մի խնդիր չի տեսնում։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշեց, որ պատվաստումների նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը մեծ է և երեկվա տվյալներով արդեն 5000 քաղաքացի է պատվաստվել ու շարժական կետերն էլ միտված են և՛ մարդկանց համար պատվաստումը հեշտացնելուն, և՛ պոլիկլինիկաների աշխատանքները թեթևացնելուն։

Հարցին, եթե մարդը տեղյակ չլինի և վարակված գնա պատվաստվելու, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, նա պատասխանեց, որ թե՛ պոլիկլինիկաներում, թե՛ շարժական կետերում թեստը պարտադիր չէ և եթե մարդը արդեն վարակված է, պատվաստանյութը պարզապես չի ազդի։ Կողմնակի ոչ մի խնդիրներ չեն առաջանա։

Մեկ չափաբաժինը պատվաստվելուց հետո մարդուն գրանցում են կոնկրետ պոլիկլինիկայի վրա, սակայն անձը ինքը կարող է որոշել՝ երկու ամիս անց որտեղ ստանալ երկրորդ չափաբաժինը։

Հայաստանում կա երեք տեսակի պատվաստանյութ. 18 տարեկանից բարձր բոլոր ցանկացողներին հասանելի է բրիտանա-շվեդական AstraZeneca-ն, իսկ ռուսական Sputnik V-ն դեռևս հասանելի է միայն խոցելի խմբերի 18-ից մինչև 54 տարեկան ներկայացուցիչների համար, կա նաեւ չինական CoronaVac տեսակի պատվաստանյութ 50 հազար անձի համար։

Մանրամասները՝ տեսանյութում