Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Եթե այսօրվա ԳՇ պետը Ապրիլյան պատերազմի մեղավորներից է՝ ըստ զեկույցի, նա չպետք է լիներ ԳՇ պետ․Մարուքյան (տեսանյութ)

Ապրիլյան քննիչ հանձնաժողովը բավականին մեծ աշխատանք է կատարել, բայց չեմ կարող ասել, որ զեկույցից գոհ եմ։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Եթե այսօրվա ԳՇ պետը Ապրիլյան պատերազմի մեղավորներից է, իսկ նա, ըստ զեկույցի, մեղավորներից է,  չպետք է լիներ ԳՇ պետ, սա ինձ համար կարևոր ազդակ է, որ մենք չունենք անկողմնակալ քննություն այս իմաստով, և ով պետք է այս ընթացքում չի մեղադրվի, ով պետք չէ, այլ ճամբարում է՝ կմեղադրվի»։

Մարուքյանը նշեց, որ զեկույցի ինչ-որ դրվագներ կարող են գաղտնազերծվել, որովհետև այսօր արդեն կա 44-օրյա պատերազմ, և Ապրիլյան պատերազմի թերությունները գաղտնի պահելը այնքան էլ ճիշտ չէ։

«Հանրությունը պետք է տեսնի՝ ինչ է եղել, ով է մեղավոր, արդյո՞ք այդ մեղավորները պատժվել են»։

Ըստ Մարուքյանի՝ այն թերությունները, որ մենք ունեցել ենք Ապրիլյան պատերազմի ժամանակ, մենք որպես պետություն չենք  վերացրել, որովհետև ամբողջ պետական համակարգը պետք է պատրաստ լիներ պատերազմի, բայց չի պատրաստվել ո՛չ մինչև հեղափոխությունը, ո՛չ հեղափոխությունից հետո։