Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Քոչարյանը չի բացահայտել հոկտեմբերի 27-ը և իշխանազավթում է տեղի ունեցել»․Արամ Մանուկյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ   Արամ Մանուկյանի դատական նիստի ընթացքում  ՀԱԿ փոխնախագահն իր ելույթում անդրադարձավ նաև 1999 հոկտեմբերի 27-ի դեպքերին։

Արամ Մանուկյանը հիշեցրեց՝ այդ օրը տեղի ունեցավ քաղաքակիրթ աշխարհում հազվադեպ ոճրագործություն՝ «ԱԺ դահլիճ ներխուժեցին մի քանի ավազակներ և առանց որևէ բան ներկայացնելու, կրակոցներով սպանեցին 8 մարդու»։

«Այդ դարակազմիկ ոճրագործության շուրջ հանրային քննարկումներում առաջին իսկ օրվանից տիրապետող Ռոբերտ Քոչարյանի ուղղակի կամ անուղղակի մեղսագործության վերաբերյալ կասկածանքն էր», - ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը ընդհատեց՝ նշելով, որ հոկտեմբերի 27-ի դեպքերը չեն առնչվում այս գործին, դատարանն էլ հորդորեց Արամ Մանուկյանին՝ չշեղվել դատական նիստի թեմայից։ Արամ Մանուկյանը պատասխանեց, որ հոկտեմբերի 27-ի գործը մեր երկրի, մեր ամբողջ պատմության ամենազազրելի հանցագործության դեպքն է, և  Հայաստանը 20-30 տարի հետ ընկավ։

Նրա խոսքով՝ այդ ժամանակ երկրի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր և այդ ընթացքում կատարվել են բազմաթիվ սպանություններ, ձերբակալություններ և չի բացահայտվել ոչինչ․

«Դուք ուզում եք մարդուն մեղադրե՞լ կամ արդարացնե՞լ՝ չիմանալով, թե ինչե՞ր են արել այդ մարդիկ այդ ժամանակ։ Ես կարո՞ղ եմ հիմա ապացուցել, որ Ստալինը, Հիտլերը, Ալիևը մարդ են սպանել, չեմ կարող։ Ես չեմ տեսել, որ Հիտլերը մարդ է սպանել, ես չեմ տեսել անգամ, որ Ալիևը կրակել, հայ գերի է սպանել։ Բայց ես կարող եմ եզրակացնել, որ Հիտլերի, Ստալինի, Ալիևի, Քոչարյանի արածները, որոնց ամբողջական մոզայիկան հավաքելով՝ տեսնում ես, թե ով է եղել երկրի ղեկավարը, ինչ մեղքեր են գործել, ինչ հանցագործություններ չեն բացահայտվել, ինչ անմեղ մարդիկ են դատվել, ինչպես են վկաները Հայաստանից փախել և հանկարծ մի աղջնակ կանգնելու է ինձ կանգնեցնի, որ չասեմ, թե ինչ միջավայրում է տեղի ունեցել այդ ամենը Հայաստանում։ Ռոբերտ Քոչարյանը չի բացահայտել հոկտեմբերի 27-ը և իշխանազավթում է տեղի ունեցել», - ասաց Արամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Քոչարյանը Մանուկյանից պահանջում է    հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և վիրավորանքի համար ներողություն խնդրել։