Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արմեն Գևորգյանը առողջական խնդիրներ ունի․ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է հետաձգել դատական նիստը և տեղեկանք է ներկայացրել առ այն, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի և չի կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին։

Ներկայացված է նաև բժշկական տեղեկանք այն մասին, որ Արմեն Գևորգյանը մայիսի 1-ից գտնվում է ստացիոնար բուժման մեջ։ Բուժումը կարող է տևել 10-14 օր։

Հաշվի առնելով, որ առանց դատավարության մասնակցի դատական նիստը չի կարող տեղի ունենալ, այսօրվա նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 11-ին, ժամը՝ 13:00-ին։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին սույն քրեական գործը մասամբ կարճվել է։ Դատարանը, հիմք ընդունելով ՍԴ 300.1 հոդվածն անվավեր ու հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել էր Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկտամամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր այդ մասով:

Նրանք նույնպես ունեն արդարացվածի կարգավիճակ։ Մնացած մեղադրանքների մասով սույն գործով քննությունը շարունակվում է: