Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kaparos
A A
Սպորտ

Խոակին Կապառոս. «Հայաստանի ազգային հավաքականը նման է իսկական ընտանիքի»

Ի՞նչ սպասելիքներ կան ընկերական առաջիկա հանդիպումներից:

Ո՞վքեր են թիմի առաջատարները հանդերձարանում և ինչպիսի՞ն է կյանքը Երևանում:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ծավալուն հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին, որտեղ անդրադարձել է այս և մի շարք այլ թեմաների:

 

- Առաջին՝ ազգային հավաքականի համար չկան ընկերական հանդիպումներ։ Եվ մենք պետք է քաջ գիտակցենք դա։ Երբ հավաքականի մարզաշապիկն ես կրում, ընկերական խաղ գոյություն չունի, քանի որ թիկունքում ողջ երկիրն է և պետք է նվաճել մարզասերի վստահությունը։ Այս առումով մենք պետք է միայն ավելի ուժեղացնենք մեր խաղային գաղափարները։ Պատրաստվում ենք անել դա այնպիսի հավաքականների հետ պայքարում, ինչպիսիք են Խորվաթիայի և Շվեդիայի ընտրանիները։ Հնարավոր է՝ մեզ որևէ ֆուտբոլիստ միանա, բայց պնդում եմ՝ մենք պետք է միայն ուժաղացնենք և կատարելագործենք մեր ռազմավարությունը։ Այդ իսկ պատճառով էլ չկան ընկերական խաղեր, և հենց այս մենթալիտետով պետք է մոտենանք առաջիկա երկու հանդիպումներին։

 

- Դուք հայտնի եք, որպես երիտասարդ տաղանդներ բացահայտող մարզիչ: Շարունակելո՞ւ եք ներգրավել այլ երիտասարդների առաջիկա խաղերին և արդյո՞ք կարող եք հիմա անուններ տալ:

 

- Ես ոչ մի անուն չեմ տա։ Շանսեր կտանք այս կամ այն ֆուտբոլիստին՝ համաձայն մեր մտահղացումների, եթե նպատակահարմար համարենք։ Եթե ֆուտբոլիստը երիտասարդ է կամ տարեց է, դա չի նշանակում, որ նա հավաքականում հանդես գալու իրավունք ունի։ Խաղում են այն ֆուտբոլիստները, որոնք տվյալ պահին համապատասխան մարզավիճակում են։ Ինքս երբեք չեմ վարանել երիտասարդ ֆուտբոլիստին նորամուտը նշելու հնարավորություն տալու հարցում։ Եթե տեսնենք, որ այս կամ այն ֆուտբոլիստը տաղանդավոր է և կարող է օգտակար լինել թիմին, ապա կմտածենք և որոշում կկայացնենք։ Սակայն առաջիկա երկու հանդիպումներին ճնշող մեծամասնությամբ կհրավիրվեն նրանք, ովքեր հանդես են եկել վերջին խաղերում։ 

 

- Ազգերի Լիգայում 6-ից 5 խաղերում խաղադաշտ դուրս բերեցիք Վահան Բիչախչյանին: Վերջին խաղերում նա ընդամենը 1 րոպե անցկացրեց: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

 

- Այս անգամ դաշտ դուրս եկան այլ ֆուտբոլիստներ։ Օրինակ՝ Ժիրայր Շաղոյանն ու Էդուարդ Սպերցյանը։ Լավ և կարևոր է, երբ թիմումդ մրցակցություն կա։ Սա ավելի է ուժեղացնում հավաքականը։ Մենք շատ գոհ ենք Վահանից։ Ինքն էլ պետք է հասկանա, որ հարկավոր է քրտնաջան աշխատել։ Վահանն այն խաղացողն է, որ կստանա իր շանսերը, սակայն նորից ասեմ, որ հայտնվել են նաև այլ ֆուտբոլիստներ։ Ես՝ որպես ամենամեծ պատասխանատվություն կրող անձնավորություն, համարել եմ, որ այդ հանդիպումներւմ դաշտ պետք է դուրս գան ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ։ 

 

- ԲԿՄԱ-ի կազմավորումը ՀՖՖ գլխավոր ձեռքբերումներից մեկն է: Ի՞նչ կարող եք ասել այդ նախագծի մասին և համարո՞մ եք, որ Ժիրայր Շաղոյանի հայտնվելն ազգային հավաքականում արդեն իսկ վկայում է, որ այն սկսել է տալ իր առաջին պտուղները:

 

- Իհարկե։ Այդ թիմի տղաներին ընտրել են, և նրանք իրենց տրամադրության տակ ունեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դաշտեր, մարզիչներ, ֆուտբոլի ակադեմիան։ Եվ այս տղաները պետք է կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում աճեն, բայց դա տեղի կունենա այն դեպքում, եթե նրանք խաղային պրակտիկա ունենան Պրեմիեր լիգայում։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այս տղաները ծառայությունից հետո, երբ վերադառնան իրենց ակումբներ, չունենան խաղային պրակտիկա։ Ինչպես ես եմ ասում, կա ոչ միայն կրթական ձախողում, այլ նաև՝ մարզական։ Այնպես որ տղաները պետք է հանդես գան երկրի ամենաուժեղ առաջնությունում, ուր նրանց առջև շատ բարձր պահանջներ կդրվեն։ Հենց դա էլ կնպաստի նրանց աճին։    

 

 - Մշտապես հետևում եք Հայաստանի առաջնությանը և այն մարզիչներից եք, որոնք առանց վարանելու նաև ֆուտբոլիստներ են հրավիրում ներքին առաջնությունից: Ի՞նչ կարծիքի եք մեր առաջնության ընդհանուր մակարդակի մասին և ինչի՞ հաշվին այն կարող է քայլ առաջ կատարել:

 

Այստեղ երկու տարբերությունների մասին կխոսեի։ Երբ նոր էինք եկել Հայաստան, սկսեցինք դիտել ազգային առաջնության խաղերը։ Պարզվեց, որ կան թիմեր, որոնց կազմերում ոչ մի հայ ֆուտբոլիստ հանդես չէր գալիս։ Հարց էի տալիս ինքս ինձ՝ ինչպե՞ս խաղացողների ընտրություն կատարել։ Իրավիճակը փոխեց ՀՖՖ-ի նախագահը՝ կանոնակարգի մեջ մտցնելով խաղադաշտում նվազագույնը երկու հայ ֆուտբոլիստի առկայության պարտադիր կետը։ Այժմ այլ իրավիճակ է, և երբ դիտում ենք առաջնության հանդիպումները, նվազագույնը 4 հայ ֆուտբոլիստ ենք տեսնում թիմերի կազմերում։ Սա կարևոր քայլ է։ Իհարկե, ես կուզեի, որ յուրաքանչյուր թիմում երեք հայ ֆուտբոլիստ պարտադիր դուրս գար խաղադաշտ։ Օրինակ՝ շատ կուզեի, որ Հայաստանի Գավաթի հանդիպումներում ավելի շատ քանակությամբ հայ ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս գար։ Ես չեմ ասում՝ թիմերը 100%-ով հայերից բաղկացած լինեին այս մրցաշարում, բայց գոնե չորս-հինգ ֆուտբոլիստի առկայությունը պարտադիր լիներ։ Բնականաբար, ես իմ շահերն եմ սպասարկում՝ որպես հավաքականի մարզիչ։ 

 

- Արդյո՞ք դիտակետում կան VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող  երիտասարդ կենտրոնական պաշտպաններ՝ հատկապես հաշվի առնելով, որ Վարազդատ Հարոյանը չի մասնակցելու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպմանը:

 

- Իհարկե, մենք հետևում ենք երիտասարդ կենտրոնական պաշտպանների ելույթներին։ Հնարավոր է, որ այս ընկերական խաղերում որևէ մեկին հրավիրենք։

 

- Առհասարակ, ինչպե՞ս եք փորձելու լուծել 3 առաջատար ֆուտբոլիստների բացակայության հարցը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում:

 

- Մենք նույնիսկ չպետք է խոսենք այս իրավիճակի մասին։ Պետք է վստահենք մեր ուժերին, ընդունենք մարտահրավերը և վստահ եմ՝ ֆուտբոլիստները, որոնք դաշտ դուրս կգան, 100% նվիրվածությամբ կխաղան։ Իսկ երբ վերջանա այդ հանդիպումը, կմտածենք մյուսի մասին։ Այժմ իմաստ չունի խոսել այդ մասին։ Ինչպես նշեցի, մեր թիմը չպետք է կախվածության մեջ լինի առանձին ֆուտբոլիստներից։

 

- Այդ խաղում, հնարավոր է, խաղադաշտ վերադառնա Գևորգ Ղազարյանը: Վերջին 3 խաղերին նա չկարողացավ օգնել թիմին խաղադաշտում, բայց նրա ներկայությունը կարևոր էր հոգեբանական առումով: Ինչպե՞ս եք գնահատում նրա դերը թիմում:

 

- Դեռ կտեսնենք՝ որքանով Գևորգը պատրաստ կլինի։ Նա պետք է խաղային պրակտիկա ունենա իր թիմում և համապատասխան խաղամակարդակ ցուցադրի։ Այլ հարց է, թե ինչ նշանակություն ունի նրա ներկայությունը թիմում։ Գևորգն առաջատարի որակներով է առանձնանում, լիովին ինտեգրված է թիմում։ Մենք շատ լավ շփում ունենք միմյանց հետ։ Նրա՝ խաղադաշտ դուրս գալը կախված կլինի այդ պահին նրա մարզավիճակից: Իսկապես, Գևորգը շատ կարևոր դերակատարություն ունի թիմում։

 

- Հստակ երևում են, թե ովքեր են առաջատարները խաղադաշտում, իսկ ովքե՞ր են եղանակ ստեղծում հանդերձարանում, ոգևորում թիմին, կամ ապահովում բարձր տրամադրություն:

 

- Առաջատարությունը տարբեր ձևերով է դրսևորվում։ Ոմանք կարող են ավելի լռակյաց և ինտրովերտ լինել, բայց դաշում իրենց տաղանդի, կարողությունների և վարքագծի շներհիվ շահում են թիմակիցների և մարզչական շտաբի վստահությունը։ Եվ կան այլ տիպի խաղացողներ՝ նրանք շատ ավելի բաց են, ավելի էքստրավերտ և կենսուրախ։ Բայց կոլեկտիվում պետք է լինեն բոլոր տիպի մարդիկ։ Ես պնդում եմ, որ մենք շատ լավ կոլեկտիվ ունենք՝ ֆուտբոլիստները, մարզչական շտաբը, ակադեմիայի և ՀՖՖ-ի աշխատակիցները։ Մենք մեկ ընտանիքի պես ենք, և դա մեծ ուրախություն է պարգևում բոլորիս։ Այս ամենը պետք է պահպանենք։ Իսկ ֆուտբոլիստները, որոնք չեն ադապտացվի այս ամենին, չեն կարող հրավիրել հավաքական։ Այլապես դա կնշանակի, որ կոտրում ենք մեր իսկ գաղափարները։ Մենթալիտետը, որն ունես դաշտից դուրս, այնուհետև իր արտացոլանքն է գտնում խաղադաշտում։ 

 

- Ֆուտբոլիստները սովորաբար սնահավատ են լինում, իսկ Դուք որևէ ֆուտբոլային սնահավատություն ունե՞ք:

 

- Իհարկե, ունեմ։ Դրանք նույնիսկ մի քանիսն են, բայց չեմ բացահայտի, թե որոնք են։ Քանի որ դրանք հաճախ կորցնում են ազդեցությունը բացահայտվելուց հետո (ծիծաղում է)։

 

- Վերջին հաղթանակներից հետո Հայաստանում վերածվել եք հերոսի, որից սպասելիքներն անչափ մեծ են: Կա տեսանյութ, թե ինչպես են Ձեզ մեծարում Երևանի ռեստորաններից մեկում: Ինչպե՞ս եք վերաբերվում այդպիսի երևույթներին, արյդո՞ք դա Ձեզ դուր է գալիս և որքանո՞վ եք հարմարվել Երևանյան կյանքին:

 

- Երևանում ինձ շատ լավ եմ զգում՝ ինչպես իմ տանը։ Նույնը կարող եմ ընտանիքիս անդամների մասին ասել։ Եվ դրա համար շնորհակալ եմ Հայաստանին, ինչպես նաև ՀՖՖ նախագահին, ով հավատաց մեզ։ Առաջին իսկ զրույցի ժամանակ համակրանք զգացինք միմյանց հանդեպ։ Սակայն «հերոս» բառը բոլորվին դուր չի գալիս ինձ։ Մենք բոլորս ենք հասել նրան, ինչին հասել ենք։ Այնպես որ, հերոսներ են ֆուտբոլիստները, ողջ մարզչական շտաբը, մեր բոլոր երկրպագուները։ Ես միշտ ասում եմ, որ գոլը չի խփում այն ֆուտբոլիստը, որը վերջին հարվածն է կատարում դարպասին։ Դարպասի գրավումը մեծ աշխատանքի պտուղ է։ Գոլը խփվում է նրա շնորհիվ, ով կազմակերպում է թիմի մեկնումն ու տեղաշարժը, ինչպես նաև ֆիզիոթերապևտների, խոհանոցի աշխատակիցների և այլն։ Հենց այստեղից էլ սկսվում է գոլի հասունացումը։ Ցավոք, չեմ կարող բոլորին անհատապես շնորհակալություն հայտնել, բայց ցանկանում եմ խոնարհվել այդ մարդկանց առջև։ Ինձ ևս հայ եմ զգում և հայի նման եմ մտածում: Սրտանց եմ ասում այս խոսքերը։ 

 

- Իսպանիայում մարզել եք թիմեր, որոնք ունեն կատաղի երկրպագուներ: Ինչ կարծիքի եք մեր երկրպագուների մասին՝ դատելով այն խաղերից, որոնք նրանք ներկա են եղել:

 

- Հուզական շատ մեծ նշանակություն ունեն մարզասերները։ Նրանք շատ էին ոգեշնչում տղաներին։ Նրանք այս մրցաշարում երեք հանդիպում էին անցկացնում մեկ մրցափուլում, և հենց մարզասերներն են, որոնք հոգնածության և ծանր պահերին ֆուտբոլիստներին թթվածին և շունչ են հաղորդում։ Ցավոք, մարզասերների քանակը սահմանափակ էր հայտնի պատճառներով, բայց վստահ եմ, որ տղաների փողոցներում ողջունում և ոգեշնչում են։ Մենք շատ ենք զգում մեր մարզասերների պահանջը, նրանք մեզ շատ են օգնում։ Եվ սա էլ ավելի է ավելացնում քո պատասխանատվության զգացումը։