Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մամուլի ազատության օր. ինչո՞ւ են լրագրողները․ պատգամավոր դառնալով, սահմանափակում ազատ խոսքը (տեսանյութ)

Լրատվամիջոցները որքան կախված են քաղաքական ուժերի, բիզնես շրջանակների ֆինանսական ազդեցությունից, այնքան նվազում է նրանց ազատությունը, այս մասին «Մեդիա կենտրոնի» քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Մայիսի 3-ին Մամուլի ազատության օրն է, և Աշոտ Մելիքյանի խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում ԶԼՄ-ների վերաբերյալ ռեգրեսիվ օրենսդրական նախաձեռնություններ են առաջ եկել և լրագրողական կազմակերպություններից մեծ ջանքեր է պահանջվում՝ հակազդելու այդ այդ  միտումներին։

«Վերջին քաղաքական զարգացումների հետևանքով, երբ Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, այդ ժամանակ լրագրողների նկատմամբ հարձակումները, խոչընդոտներն ակտիվացան և շատ հաճախ մենք մեր հայտարարությունները պատրաստելիս արձանագրում էինք, որ այդ մի քանի ամսվա ընթացքում այդպիսի հայտարարությունների անհրաժեշտությունն ավելի շատ եղավ, քան մեկ տարվա ընթացքում սովորաբար։ Իհարկե, այս ամենը մտահոգիչ է», - ասաց Աշոտ Մելիքյանը։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նույնպես անդրադառնալով օրենսդրական վերջին փոփոխություններին՝ նշեց, որ լրատվամիջոցների շուկայում դասավորությունն այնպիսին չէ, ինչպիսին կուզեին տեսնել իշխանությունները։ Չունենալով բարենպաստ միջավայր տեղեկատվական ոլորտում՝ նրանք փորձում են օրենսդրության միջոցով այն շրջել իրենց օգտին․

«Հայաստանի մեդիաշուկայի վիճակն այնպիսին չէ, որ լրատվամիջոցներն իրենց, կոպիտ ասած, վատ զգան։ Եվ միայն շատ հետևողական և արդյունավետ քաղաքականության միջոցով իշխանությունները կարող էին այդ շուկան այնպիսին դարձնել, որ լավագույն դիրքերից հանդես գային հնարավորինս անկախ, պրոֆեսիոնալ, որակյալ լրատվամիջոցները։ Սակայն մինչ այսօր մեզ մոտ ավանդաբար շուկայի վրա ազդեցությունը տարբեր կարգավորումներով, հիմնականում, քաղաքական բալանսը փոխելուն է միտված, այլ ոչ թե լրատվամիջոցների համար բարենպաստ միջավայր ստեղծելուն», - ասաց Նավասարդյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու շատ խորհրդարանական պատգամավորներ նախկին լրագրողներ են, սակայն նրանք առավել զգայուն են քննադատության նկատմամբ և հարցին, թե որքանո՞վ ոլորտի իմացությունն օգնեց օրենսդրական կարգավորումների հարցում, Բորիս Նավասարդյանը պատասխանեց, որ լրագրողների՝ խորհրդարան զանգվածային մուտքի առաջին փորձը եղել է 1995թ․-ին և այդ պահից կարելի է մեկ օրինաչափություն հանել, որ այն մարդիկ, որոնք մինչ խորհրդարան մտնելը զբաղվել են լրագրությամբ, չեն հայտնվել խոսքի ազատության պայքարի առաջին շարքերում․

«Ես կարող եմ մեկ բացատրություն գտնել դրան․ լրագրողներն իրենց գործունեության ընթացքում բախվում են կողմնորոշումների վերաբերյալ թելադրանքի և այլ խնդիրների, ու իմանալով այդ ամբողջ խոհանոցն ու դառնալով օրենսդիր, նրանք փորձում են, իրենց պատկերացմամբ, այդ խնդիրների լուծումները գտնել խոսքի ազատության սահմանափակմամբ», - ասաց նա։

Ցավոք, լրագրողական կրթությունն էլ այսօր Հայաստանում չի բարձրացել միջազգային ժամանակակից ինովացիոն մակարդակի, նշեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը, և չի պատասխանում այն բոլոր մարտահրավերներին, որ ունենք այսօր․

«Մենք փորձել ենք տարբեր ժամանակներում ինչ-որ չափով մասնակցել, ազդեցություն ունենալ այդ կրթության վրա, բայց ես այսօր չեմ տեսնում մեր լրագրողական կրթությունն ակադեմիական մակարդակի։ Բացերն ինչ-որ չափով փակում է այսօր ոչ ֆորմալ կրությունը, բայց միայն դա բավարար չէ», - ասաց Նունե Սարգսյանը։

Հարցին, թե ինչ վիճակագրություն կա վերջին  տարիներին Հայաստանում մամուլի դեմ դատական հայցեր ներկայացնելու թվի հետ կապված, Աշոտ Մելիքյանը պատասխանեց, որ դատական գործերի ամենամեծ ալիքը եղել է 2019թ․, երբ դրանք հասան մոտ 100-ի․

«Սա իսկապես մտահոգիչ էր, որովհետև նախորդ, ասենք, երեք տարիների ընթացքում այդքան հայցեր չէին եղել։ Դրանց ճնշող մեծամասնությունը վիրավորանքի և զրպարտության հիմքով էին։ Մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ միշտ չէր, երբ այդ հրապարակումների մեջ տեղ էին գտել վիրավորանք և զրպարտություն, դրա մասին նաև դատական վճիռներն էին խոսում։ Հայցվորները մեծ հաշվով փորձում էին հաշվեհարդար տեսնել լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ՝ քննադատության համար», - ասաց նա։

Մելիքյանի խոսքով՝ 2020թ․-ին դատական հայցերի թիվը նվազեց ՝ հասնելով 60-ի։ Այս տարվա առաջին եռամսյակում էլ արձանագրվել է 12 նոր դատական հայց, որոնցից 10-ը՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով։