Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Երեք տարի այնպես են կառավարել երկիրը, որ պետք է մարդուն համոզես, որ ապագա կա․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Ընտրություններ կազմակերպելով՝ իշխանությունը որևէ մեկին լավություն չի անում, նա քաղաքական ճգնաժամի թիվ մեկ պատասխանատուն է և պետք է քայլեր անի այն հանգուցալուծելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Վերջինս անլուրջ է համարում վարչապետի այն հայտարարությունները, թե եթե պայմանավորվածությունները խախտվեն, վարչապետ կրկին Փաշինյանին կընտրեն․

«Մենք ժողովրդի հետ ենք պայմանավորվել, ժողովրդին խոսք են տվել, որ այս խորհրդարանը պետք է արձակենք, որ դու նորից ընտրես»։

ԼՀԿ ղեկավարը նշեց, որ իրենց կարգախոսը դեռ չեն հստակեցրել, հստակ չէ նաև նախընտրական ցուցակը։

Մարուքյանն անդրադարձավ վարչապետի այն հայտարարությանը, թե այս երկրում միակ կայացած ինստիտուտը կոռուպցիան էր, որը իրենք վերացրին․

«Եթե մի հինգ լավ բան կար, մի 100 վատ երևույթ, այդ հինգ լավ բանը քանդել են, այն 100 վատը մնացել է, եթե այն ժամանակ կային օլիգարխներ, հիմա խոշոր սեփականատերեր են, եթե կային ֆեյքերի ֆաբրիկաներ, դրանք դարձան իշխանությանը, այսինքն՝ այս իշխանությունը հեղափոխությունից հետո հիվանդ համակարգը չի փոխել, Սահմանադրություն չի փոխել»։

Մարուքյանը նշեց՝ դրական է այն, որ, օրինակ, կենցաղային մակարդակում կոռուպցիան նվազել է, բայց այս իշխանությունը, ըստ Մարուքյանի, ամեն ինչ արել է, որ մարդիկ ամեն ինչից հիասթափվեն․

«Մարդիկ չեն հավատում պետական ինստիտուտներին, մարդիկ ապագայի հետ կապված խնդիր են տեսնում, կարգախոս են բերել, որ ապագա կա, այսինքն՝ երեք տարի այնպես են կառավարել երկիրը, որ պետք է մարդուն համոզես, որ ապագա կա, նա այդ կարգախոսով ամփոփում է իր գործունեության շրջանը»։

Ըստ Մարուքյանի՝ նախկին իշխանության ներկայացուցիչները ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին, և եթե նրանք մի կողմ քաշվեն, այս իշխանությունը կպարտվի։