Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քաշաթաղցիներին վստահեցրել են՝ մինչեւ մայիսի վերջ մի որոշում կլինի (տեսանյութ)

Արցախի Քաշաթաղի շրջանի տեղահանված բնակիչներն արդեն  մի քանի ամիս է՝ սպասում են փոխհատուցման ու բնակարանային հարցի լուծման, սակայն հստակ քայլեր չեն տեսնում։   Նրանք այսօր ակցիա էին իրականացնում Կառավարության մոտ։

Քաշաթաղի Գողթանիկ համայնքի ղեկավար Հակոբ Պողոսյանի խոսքով՝ Հայաստան է  տեղափոխվել 3000 ընտանիք։

 «Մենք փաստաթղթերը կազմում ենք՝ բնակիչների այգիները, տեխնիկան, գույքն ու բնակարանը ներառելով, և հույս ունենք, որ կհատկացվի փոխհատուցում», - նշեց նա։

Համայնքապետի խոսքով՝ քաշաթաղցիները Արցախ վերադառնալն էլ չեն բացառում, սակայն մեծամասամբ ցանկանում են այստեղ մնալ, քանի որ այնտեղ անվտանգությունն այնքան էլ հուսալի չէ։ Բացի այդ, Արցախում էլ շատերը կան, որ նույն իրավիճակում են՝ դեռևս ոչ մի փոխհատուցում չեն ստացել ու նրանք էլ իրենց նման սպասում են։

Բնակիչները նշում էին, որ իրենք չեն պահանջում հենց հիմա հանել, բոլորին բնակարանների բանալիներ տալ, բայց գոնե տեսնեն, որ հստակ որոշում կա ու գործընթացներն արդեն սկսվել են։

Քաշաթաղի շրջանի Ծոպաձոր համայնքի ղեկավար Կարեն Վարդանյանն ասաց, որ իրենց համայնքից 13 ընտանիք հոկտեմբերի կեսին հարկադրաբար լքել է Քաշաթաղը։ Նրա խոսքով՝ գյուղի տղամարդկանց մեծ մասն առաջնագծում է եղել, կանայք ինչպես հասցրել, փախել են՝ առանց  հագուստ  ու իրեր վերցնելու․

«Մարդկանց մի մասը Կապանում են, Գյումրիում, Արտաշատում, Վանաձորում։ Մի ժամանակ օգնություն էին հատկացնում, մարդիկ կարողանում էին գոյատևել, այսօր դա էլ է կրճատվել, մարդիկ ի վիճակի չեն ապրելու, չունեն աշխատանք, կենցաղային վիճակն էլ նորմալ չէ», - ասաց Կարեն Վարդանյանը։

Համայնքապետերն ու բնակիչները նշում էին, որ ցանկանում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ համապատասխան կառույցները, որ պետք է զբաղվեին այս հարցով ու լուծում տային խնդրին, շոշափելի արդյունք ցույց չեն տվել։

Քաշաթաղցիների մի քանի հոգանոց խմբի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրավիրել էր Կառավարություն՝ քննարկելու ու լուծումներ առաջարկելու։ Նրանց մեջ էր նաև Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չումույանը, որ դուրս գալով հանդիպումից, նշեց՝ հավաստիացրել են, որ մինչև մայիսի վերջ կլինի որոշումների նախագիծը և կդրվի հանրային քննարկման․

«Ծրագրից պարզ կդառնա՝ բնակարան կտրամադրեն, թե գումարային փոխհատուցում կտան։ Որոշումների նախագիծն էլ կներկայացվի շահառուներին, որ նրանք նույնպես մասնակցեն վերջնական քննարկումներին», - ասաց համայնքի ղեկավարը։

Նրա խոսքով՝ այս որոշումները վերաբերելու են ոչ միայն Քաշաթաղի, այլև Հադրութի, Շուշիի ու տեղահանված բոլոր վայրերի բնակիչներին։ Ակցիայի մասնակիցներից մի քանիսն էլ նշեցին, որ Կառավարության որոշումն այս պահին այնքան էլ չի բավարարում իրենց, չեն բողոքի, երբ  սեփականություն կամ փոխհատուցում ստանան։