Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ գլխավոր դատախազը՝ Մարտի մեկի գործի մասին (տեսանյութ)

Սյունիքում կատարված դեպքերի փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, գործընթացը լրիվ իրավական է, այս քրեական գործով որոշակի անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, ունենք արդեն հարուցված քրեական գործ նաև խոշտանգումերի դեպքի առթիվ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պնդելով, որ որևէ քաղաքական հետապնդում չկա։

Արթուր Դավթյանն անդրադարձավ նաև Մարտի 1-ի գործին, նշեց՝ բացահայտվածության մասով գործը գնացել է դատարան, մնացած մասով կա մինչդատավարական վարույթում գտնվող անջատված մաս։ 

Դավթյանը նաև նշեց՝ Մարտի 1-ի՝ իրենց պատկերացրած իրավական հեռանկարի վերաբերյալ դիմում են ներկայացրել  Սահմանադրական դատարան․

«Եթե մեզ հաջողվում է ՍԴ-ում հասնել մեր դիմումի բավարարմանը, մենք հնարավորություն ենք ստանում գործով ամբաստանյալների արարքները վերաորակել, և ըստ էության, գործի քննությունը շարունակել, իսկ եթե մեր դիմումը չի բավարարվում, ստացվում է, որ իմ ասած իրավական ճանապարհով չենք կարող գնալ»։

Հարցին, թե այդպիսով՝ Մարտի 1-ի գործը փակվո՞ւմ է, Դավթյանն արձագանքեց․

«Մարտի 1-ի քրեական գործով նախաքննության փուլում անջատված մաս կա, որն իր մեջ ներառում է ոչ միայն անձանց սպանությունների վերաբերյալ հատվածներ, այլ նաև այդ գործընթացին  առնչված բազում այլ հանցավոր դրսևորումներ, եթե դրա քննության արդյունքում այսօր եղած ամբաստանյալների կամ երեկ եղած ամբաստանյալների կողմից այլ հանցավոր դրսևորում ի հայտ կգա, ուրեմն՝ նրանց նկատմամբ կիրականացվի քրեական հետապնդում»։

Իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե տապալել է Մարտի 1-ի գործը և պետք է հրաժարական տա, Դավթյանն արձագանքեց․

«Հրաժարական տալն ինքնանպատակ չէ, հրաժարական տալը  պատասխանատվությունից խուսափել է և հրաժարական պետք է տալ այն ժամանակ, երբ քո պաշտոնեական պարտականությունները կատարելիս ունես խոչընդոտներ»։