Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սյունիքի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի. Թաթոյան (տեսանյութ)

Հայաստանի քաղաքացիների և մասնավորապես Սյունիքի սահմանային բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Սունիքի մարզում առկա խնդիրներին․

«Դա ենթադրում է,որ ադրեբեջանական զինվորականները, զենքով մարդիկ, ադրբեջանական դրոշներն ու ցուցանակները պետք է այդ վայրերից հեռացվեն, որպեսզի երաշխավորվի մեր բնակիչների բնականոն կյանքը, որովհետև դրանք տեղադրվում է հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով»,-նշում է Թաթոյանը և հավելում, որ կան ճանապարհներ, որոնցով մարդիկ խուսափում են երթևեկել։

Թաթոյանի խոսքով՝  ունենք դեպքեր, երբ Ադրբեջանի կողմ են անցնում խոշոր կամ մանր եղջերավոր կենդանիներ, եւ նրանց այլեւս հնարավոր չի լինում վերադարձնել, ինչը նույնպես իրավունքների կոպիտ խախտում է, առավել եւս, որ մեր երկու երկրների միջեւ տեղի չի ունեցել ոչ սահմանագծում, ոչ սահմանազատում, իսկ սահմանների գործընթացի հիմքում պետք է դրվեն մարդու իրավունքները:․

«Հիմա մեր մեր ԶՈՒ ծառայողները, սահմանապահ զորքերի ծառայողները իրականացնում են անձնուրաց, հերոսական ծառայություն: Բայց խնդիրն այն է, որ այս վիճակը նրանցից էլ կախված չէ։ Ինձ ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող համոզել, որ այս վիճակը նորմալ է մարդու իրավունքների տեսանկյունից: Ես որպես ՄԻ պաշտպան, որպես կառավարությունից անկախ հաստատություն բարձրացնում եմ այս հարցերը եւ շարունակելու եմ բարձրացնել»,-ասաց Թաթոյանը:

Անդրադառնալով միջազգային կառույցների արձագանքին՝ Թաթոյանն ասաց, նրանց ներկայացրել  և ամեն օր ներկայացնում է առկա իրավիճակը․

«Ասել եմ, որ պատերազմի ժամանակ ձեր անհամաչափ լռությունը նպաստեց նրան, որ մենք ունեցանք լայնածավալ պատերազմական հանցագործություններ, իրավունքների կոպիտ խախտումներ: Մենք պետք է արմատավորենք մի կարեւոր գաղափար, որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը լրացնում են երկրի անվտանգությունը: Որքան ուժեղ են պաշտպանված մարդու իրավունքները, այնքան մեծ է անվտանգությունը։ Միջազգային կառույցները պետք է ապացուցեն, որ մարդու իրավունքներն են ընկած անվտանգության հիմքում»:

Նա հավելեց, որ գտել են միջազգային դեպքեր, երբ կադաստրային փաստաթղթերը հիմնարար նշանակություն են ունենում. 

«Մենք ունենք Սյունիքում դեպքեր, երբ մարդը իր կադաստրային վկայականը ձեռքին կա՛մ հողատարածքից չի կարողանում օգտվել, կա՛մ տունն է բաժանվել երկու մասի, հիմա այդ մարդն ինչ մեղք ունի, նա ունի օրինական վկայական։ ԵԱՀԿ-ն ուղեցույցներ ունի, որոնք կադրային փաստաթղթերը դնում են այս հիմքի վրա, իսկ  Ադրբեջանը շարունակում է պատերազմական, ցեղասպան քաղաքականության սպառնալիքները»:

Արման Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են աշխարհում կարծրատիպ ձևավորել, թե իբր ամեն ինչ նորմալ է, և գնում են խաղաղության․

«Դրանով նրանք միակողմանի պատասխանատվությունը թողնում են մեզ վրա, եւ այդ կեղծ խաղաղասիրությամբ փորձում են ծածկել խախտումները: Ես ամեն ինչ անում եմ, որ չկարողանան ծածկել»,-ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծեց՝  Հայաստանի ոչ մի իշխանություն Ադրբեջանի ժողովրդի, սովորական մարդկանց նկատմամբ ատելություն երբեք չի տարածել, մինչդեռ Ադրբեջանում հակառակն է տեղի ունենում և ամենախորքային արմատներով։

Թաթոյանն ընդգծեց՝ միջազգային հանրության իրավյիճակը պետք է ներկայացվի ճշգրիտ և փաստարկված։