Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դումանյան
A A
Պաշտոնական

Պարը նաև ուժ է՝ բռունցքվելու և միասնականության, ապրելու և արարելու խորհրդանիշ․ Վահրամ Դումանյանի ուղերձը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի ուղերձը Պարի միջազգային օրվա կապակցությամբ

Պարարվեստի հարգարժան ներկայացուցիչներ, ազգային պարարվեստի սիրելի’ գործիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Պարի միջազգային օրվա կապակցությամբ:

Այսօր հրաշալի առիթ է ընձեռված մեզ մեկ անգամ ևս արժևորելու հայկական պարարվեստի նվիրյալների երախտիքն ու վաստակը, շնորհավորելու ու անկեղծ բարեմաղթանքներ հղելու պարարվեստի բոլոր գործիչներին, պարողներին, բալետմայստերներին և պարուսույցներին:

Պարը ուրախություն ու բերկրանք պարգևող մարդկային ամենաանկեղծ լեզուն է, որն ի զորու է փոխանցել երջանկության ու տրտմության, մարդու զգացական աշխարհի ամենանուրբ ելևէջները:

Պարը նաև ուժ է՝ բռունցքվելու և միասնականության, ապրելու և արարելու խորհրդանիշ, որ միշտ ուղեկցել է մեզ՝ ամենանվիրական ու սխրագործ մեր ձեռնարկներում:

Պարը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև հայ մարդն իրեն հուզող հարցերի ու խնդիրների լուծման բանալին փնտրել է նաև պարում` առանձնահատուկ վերաբերմունք տածելով պարի և պարարվեստի գործչի հանդեպ: Համոզվածեմ, որ այդ հարգանքը փոխադարձ է, և դուք ձեր նվիրումով, անձնվեր աշխատանքով մշտապես կանգնած եք հայ պարարվեստի առաջընթացի թիկունքում ու մշտապես արդարացնում ենք հանդիսատեսի սպասումները: 

Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, մաղթում եմ ձեզ ստեղծագործական ներշնչանքի բազում բերկրալի պահեր և լեփլեցուն դահլիճներ: