Բացել լրահոսը Փակել լրահոսը
9
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է անցկացրել 2 դեսպանների և ՄԱԿ ԶԳ-ի պաշտոնյայի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 28-ին աշխատանքային քննարկում անցկացրեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի եւ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միխաելա Ստոյկոսկայի մասնակցությամբ: Ներկաները քննարկեցին համատեղ գործընկերության շրջանակներում իրականացվող «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ընթացքը, որն ուղղված է Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Նախանշվեցին ծրագրի շրջանակներում իրականացվելիք հաջորդ քայլերը:

Արարատ Միրզոյանը համոզմունք հայտնեց, որ գործընկերների հետ համագործակցությունն այս եւ այլ ծրագրերի շրջանակում կշարունակվի նաեւ հունիսին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իր աշխատանքը կսկսի նոր գումարման Ազգային ժողովը: