Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Արթուր Դավթյանն ապացուցեց, որ բազմակողմանի մարմնամարզիկ է. Հակոբ Սերոբյան (տեսանյութ)

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր ամփոփեց մեր մարմնամարզիկների ելույթները վերջերս Շվեյցարիայում կայացած Եվրոպայի առաջնությունում:

«Այս անգամ ես ոչ միայն գոհ եմ տղաների ելույթներից, այլև շնորհակալ եմ նրանց: Մենք լավ չէինք պատրաստվել առաջնությանը, քանի որ անցած տարի պատերազմի ժամանակ երկու ամիս չէինք մարզվել: Ճիշտ է՝ մրցումներից առաջ ուսհավաք անցկացրինք Թբիլիսիում, բայց դա բավարար չէր լավ մարզավիճակ ձեռք բերելու համար: Սակայն տղաները հավաքվեցին և մրցումներում ցույց տվեցին այն, ինչն որ նրանք կարողանում են անել մարզումների ժամանակ: Դա ոչ միշտ է ստացվում:

Մեդալների ակնկալիքներ ունեինք, բայց այն, որ դա կլինի ոսկյա, չէինք սպասում: Արթուր Դավթյանը ապացուցեց, որ ինքը բազմակողմանի մարմնամարզիկ է, քանի որ նա հաղթեց նժույգթափում, չնայած իրա հիմնական ձևը հենացատկն է», - այսօր «Արմենպրես» գործակալությունում կայացած հեռավար մամուլի ասուլիսին ասել է փորձառու մասնագետը:

Հակոբ Սերոբյանը նշեց, որ այժմ Արթուր Դավթյանի հետ աշխատում են նրա անվանական ցատկի վրա:

«Արթուրը եթե կարողանա կատարել այդ ցատկը, մենք կդիմենք միջազգային ֆեդերացիային այն իր անունով գրանցելու համար: Սակայն այդ ցատկը բավականին բարդ է և կարող է  վնասվածքի պատճառ դառնալ: Առաջիկա հավաքներին եթե զգանք, որ այդ տարբերակը վտանգավոր է, ապա Արթուրը օլիմպիական խաղերում հանդես կգա այն նույն ցատկով, որը կատարեց Եվրոպայի առաջնությունում: Դա շատերն են կատարում, սակայն ոչ բոլորի մոտ է որակով ստացվում, ինչպես Արթուրի մոտ», - պարզաբանեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Խոսելով հավաքականի առաջիկա անելիքների մասին՝ Հակոբ Սերոբյանը ասաց, որ մայիսին երեք մարզիկով մասնակցելու են Կիևում անցկացվող միջազգային մրցաշարին, իսկ հունիս-հուլիս ամիսներին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի օգնությամբ Արթուր Դավթյանի համար կկազմակերպվի 21-օրյա ուսհավաք: Դրանից հետո մեր մարմնամարզիկը կմեկնի Տոկիո, օլիմպիական խաղերի: