Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Իր ժամանակ սահմանին ամենաքիչ զոհերն են եղել․իհարկե․ Ձեր սպանությունները թիկունքում էին տեղի ունենում» (տեսանյութ)

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անարգել թույլ տվեց, որ Մեղրիի հայհոյախառն ակցիան հեռարձակվի հանրային մուլտիպլեքսում գործող երկու հեռուստաալիքներով, -այս մասին ԱԺ արտահերթ նիստի իր ելույթում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նրա խոսքով՝ այս հարցը պետք է հուզի իշխանական պատգամավորներին։ Իրենք միասին համահեղինակ են օրենսդրության, որով այդ հեռուստաընկերություններն արդեն պիտի գոնե հեռարձակվելու դժվարություն ունենային։

Բաբաջանյանն անդրադարձավ «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի առաջարկած օրենսդրական նախագծին, որով փորձ է արվելու վերացնել ժամանակին օրենքով մեկ անձի տված մենաշնորհը․

«Հիմա չէ, որ պարզ է դարձել, թե ինչ հարստություն է թաքցվում Սյունիքում և ովքեր են թաքցնողները․ Ռոբերտ Քոչարյան, Միքայել Մինասյան, իսկ ձեր իշխանավարման տարիներին Արթուր Վանեցյանը ներգրավվեց և սկսեց շահառու դառնալ այդ հարստության միջոցներին», - ասաց նա։

Այդ հարստությունը, Արման Բաբաջանյանի խոսքով, պատկանում է ժողովրդին և մինչև հիմա պատկերացում չկա, թե նյութական ինչպիսի միջոցների մասին է խոսքը։ Ու հենց այդ միջոցներն են այսօր ներդրվում առաջիկա ընտրական գործընթացների մեջ։

Նրա խոսքով՝ շատ է նշվում, որ Արման Բաբաջանյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պարբերաբար անվանում է դավաճան․

«Երեկ Գյումրիում էի։ Պետք էր տեսնել մարդկանց ապրումներն ու հիշողությունները նույն Քոչարյանի պաշտոնավարման վերաբերյալ, որը նրա աջակիցներն ու ինքն անձամբ շատ են սիրում վկայաբերել։ Բայց գյումրեցիները հիշում են, ինչպես են նրա պաշտոնավարման ժամանակ թալանվել «Լինսի» հիմնադրամի միջոցներն ու Գյումրին մնացել է իր ցավի հետ մեն-մենակ։ Դավաճանություն չէ՞ այսօր վկայաբերել, որ սահմանին իր պաշտոնավարման ժամանակ ամենաքիչ զոհերն են արձանագրվել։ Իհարկե, որովհետև Ձեր սպանությունները թիկունքում էին տեղի ունենում, Ձեր քաղաքական հակառակորդներին թիկունքում էիք սպանում», - ասաց նա։