Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սյունեցիներն ինձ հարցնում են՝ ի վերջո վարչապետն ինչի համար էր եկել Սյունիք․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)

Մի խումբ անկախ պատգամավորներ դիմել են Ազգային ժողովի խմբակցություններին, որպեսզի նրանք դիմեն ԱԺ նախագահին՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ էթիկայի հանձնաժողովը պետք է քննի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի արտահայտած այն միտքը, թե սյունեցիներին պետք է ստորացնելով բերման ենթարկեն․

«Ես ուզում եմ, որ շատ հստակ գնահատականներ տրվեն, արդարամտորեն մոտենան և ոչ թե երեսպաշտորեն»,-նշեց Գրիգորյանը։

Ըստ նրա՝ իշխանությունն արդեն բաժանում է սյունեցիներին լավի ու վատի։

 Վերջինս նաև հայտնեց, որ Ալիևն ու իր ընտանիքը հայտնվել են Սոսիների պուրակում, որը զիջվել է դեկտեմբերի 18-ից հետո․

«Ես առաջարկում եմ իշխանական պատգամավորները, նույն տոնայնությամբ, ինչ այստեղ են մտքեր հնչեցնում, գնան, կանգնեն Շուռնուխում՝ գյուղամիջում և խոսեն, տեսնենք՝ ինչ արձագանք կստանան։ Սյունեցիներն ինձ հարցնում են՝ ի վերջո վարչապետն ինչի համար էր եկել Սյունիք, ինչ հարց է ուզում հասկանալ, այցելությունից հետո վարչապետի կողմից գեթ մեկ նկատառում Սյունիքի անվտանգության վերաբերյալ չի հնչել»։

Գրիգորյանը պնդում է՝ այսօր Սյունիքն անվտանգ չէ, որքան էլ պնդեն, թե անվտանգ է, իրականությունն այլ է․

«Սյունիքից ընտրված պատգամավորներից մեկն ասում է՝ դե եզակի դեպք է, և ամեն դեպքից հետո մենք համապատասխան հակազդող մեխանիզմներ պետք է գործադրենք։ Սա աբսուրդ է, երբ քո իշխանությունը չի պատկերացնում, թե ինչպես կարող է հոգալ իր քաղաքացիների անվտանգությունը», - ասաց Գրիգորյանն՝ անդրադառնալով Արավուսում հովվի հետ տեղի ունեցած միջադեպին։

Գրիգորյանը նաև հայտնեց, որ մինչև շաբաթվա վերջ կհայտարարի՝ մասնակցելու է քաղաքական գործընթացներին, թե ոչ։