Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարչապետը չի կարող նախաքննության մարմնին ցուցումներ տալ․ Արա Զոհրաբյանը Սյունիքի դեպքերի մասին (տեսանյութ)

Սյունիքի դեպքերը պետք է դիտարկել նախորդող իրադարձությունների ֆոնին, քանի որ 2018թ․-ից հետո ատելության խոսքը դարձել էր նորմալ, ասում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով, որպես Փաստաբանների պալատի ներկայացուցիչ նա էլ բազմաթիվ առիթներով փորձել է հասնել նրան, որ, օրինակ, փաստաբաններին չվիրավորեն, չհայհոյեն միայն այն բանի համար, որ պաշտպանում են այդ պահին հասարակության որոշ խմբի համար անցանկալի մարդկանց․ «Եվ ցավոք, իշխանությունը, որ պատասխանատուն է ստեղծված իրավիճակի և երկրի մթնոլորտի համար, չէր կանխում դա։ Հակառակը՝ խրախուսում էին․ այն ժամանակ իրենց հաճելի էր, որ իրենց հակառակորդներին հասարակության որոշ խմբեր վիրավորում, հայհոյում էին։ Ես առիթ ունեցել եմ դեռ 2018թ․-ին ուղղակի նշել, որ սա վերադառնալու է, փոխադարձության սկզբունք է», - ասաց Արա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ պետք է հասկանալ սյունեցիների հոգեվիճակը, քանի որ տեսնում ենք նրանց վտանգված լինելը, որովհտեև կա խոսակցություն, որ Սյունիքից էլ գուցե զիջումներ լինեն և այս պարագայում բնական է նրանց դժգոհությունը․ «Վարչապետը գիտի, որ ուրախ չեն իրեն տեսնել այնտեղ, մեկ անգամ էլ փորձում էր գնալ, ճանապարհն էին փակել, եթե նա ուղղակի գնում է այնտեղ, դրանով հրահրում է մարդկանց զայրույթը։ Ես կողմնակից չեմ վիրավորանքներին, ատելության խոսքին, դա լավագույն միջոցը չէ, բայց ուզում եմ ասել, որ այս իշխանությունն է ժողովրդին սովորեցրել այդ լեզվով», - ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք Սյունիքի մարզպետարանում հանդիպման ժամանակ իրավական տեսանկյունից կար հանցակազմ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցուցումներ էր տալիս ուժային կառույցներին, նա պատասխանեց, որ դա ինքնին անթույլատրելի է․ վարչապետը չի կարող նախաքննության մարմնին կամ դատախազությանը ցուցումներ տալ։