Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի գործով դատավորին բացարկ ներկայացվեց․ որոշումը՝ վաղը (տեսանյութ)

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Լիլիթ Սարգսյանի, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի գործով դատական նիստը։

Նախորդ նիստը հետաձգվել էր Արամ Մանուկյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի դիմումով, որպեսզի նա կարողանար դատարանին բացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացնել։ Այս նիստում Տիգրան Եգորյանը ներկայացրեց միջնորդությունը։

Դատական նիստի ընթացքում փոքր վիճաբանություն  տեղի ունեցով փաստաբան Տիգրան Եգորյանի և դատավոր Լիլիթ Սարգսյանի միջև։

Արամ Մանուկյանի ներկայացուցիչն ասաց, որ դատավորը քաղաքական համակրանք ունի հայցվոր կողմի նկատմամբ․ «Ձեր խոսքի ամեն հաջորդ ձևակերպում կարծես անքննելի է դարձնում Ձեր՝ հնարավորինս արագ այս գործից հեռացման անհրաժեշտությունը։ Այն, ինչ-որ Դուք այստեղ շարադրում եք, ըստ էության, պատմում եք այն, ինչ պետք է խորհրդակցական սենյակում մեր ներկայացրած բացարկի մասին ենթադրական գրեիք, բայց Դուք արդեն Ձեր մտքում ձևակերպել եք Ձեր դիրքորոշումները», - ասաց Եգորյանը։

Դատավոր Լիլիթ Սարգսյանն արձագանքեց, որ դատական նիստը ուղիղ եթերով է հեռարձակվում և Տիգրան Եգորյանին լսելով՝ գուցե շատերը հավատան նրա խոսքին ու համոզմունք ձևավորեն, որ դատարանն ինչ-որ սխալ դատավարական գործողություններ է անում․ «Դրա համար նախագահող դատավորը ստիպված է եթերով ներկայացնել, որ դատարանի գործողությունները բացառապես օրենքից են բխել։ Հեղինակության մասին եք խոսում, դատարանը պիտի թո՞ւյլ տա, որ Դուք դատարանի հեղինակությունը պատվազրկող արտահայտություններ անեք ու չարձագանքի՞ դրանց», - ասաց դատավորը։

Դատարանը մտավ խորհրդակցական սենյակ և բացարկի մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը։

Հիշեցնենք, որ Քոչարյանը Մանուկյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունը և հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար: