Բացել լրահոսը Փակել լրահոսը
93C1E71C-A861-42DA-8FAF-A68A1C985AE7_cx0_cy5_cw0_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

USCIRF-ն առաջարկում է Ադրբեջանը եւ Թուրքիան ընդգրկել ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ցուցակում

Ամերիկայի Ձայն

 ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձել է նաև Թուրքիայում ու Ադրբեջանում կրոնական ազատությունների հիմնախնդիրներին

«2020 թ-ին կրոնական ազատությունների տեսանկյունից Ադրբեջանում պահպանվել է հիմնականում ստատիկ վիճակ, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության սրացման ընթացքում արձանագրված խախտումներին», ասված է Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի (USCIRF) տարեկան զեկույցում: Ըստ զեկույցի, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է կարգավորել կրոնական ազատ գործունեության ոլորտը՝ հենվելով 2009 թ-ի «Կրոնական դավանանքի ազատության մասին» օրենքի վրա, որի պահանջն է պաշտոնապես գրանցել բոլոր կրոնական համայնքները: Այսուհանդերձ, հանձնաժողովի զեկույցի համաձայն, Ադրբեջանը որոշակի սահմանափակումներ է կիրառում կրոնական գործունեության նկատմամբ:

Կրոնական ազատությունների հարցում, ըստ հանձնաժողովի զեկույցի, առկա են մի շարք մտահոգիչ հարցեր, ներառյալ այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենքի բացակայությունը, կրոնական ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումներն ու նրանց ձերբակալությունները, ինչպես նաևքրիստոնեական և հատկապես հայկական կրոնական պատմամշակությանն հուշարձանների պահպանման խնդիրը:

Ըստ զեկույցի՝ ղարաբաղյան վերջին պատերազմը լուրջ մտահոգություններ առաջացրեց հակամարտության գոտում հայկական սրբավայրերի ու այլ կրոնական հուշարձանների պահպանման և պաշտպանության հարցում: Զեկույցը հիշեցնում է, որ հոկտեմբերին ադրբեջանական ուժերը երկու անգամ թիրախավորել և հրետակոծել էին Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցին՝ մեծ վնաս հասցնելով տաճարին: Հանձնաժողովը չի բացառում, որ այս գործողությունները կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություններ: Զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանն իր հերթին պնդում է, որ հայկական ուժերը պատերազմի օրերին ռմբակոծել և վնասել են տարբեր կրոնական և մշակութային վայրեր:

Ըստ զեկույցի, նոյեմբերի 10-ի զինադադարից հետո, երբ մի շարք տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, ԶԼՄ-ները տեղեկացրեցին Հադրութում հայկական գերեզմանատան և գերեզմանաքարերի ոչնչացման և վանդալիզմի դեպքերի մասին: Ըստ զեկույցի՝ նախորդ տարեվերջին Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, թե առնվազն երկու ադրբեջանցի զինծառայողների մեղադրանք է առաջադրվել՝ հայկական գերեզմանաքարերը ոչնչացնելու հիմքով: Զեկույցն ընդգծում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը կրոնական բնույթի չէ:

Հանձնաժողովը առաջարկում է ԱՄՆ պետքարտուղարությանը ներառել Ադրբեջանն իր հատուկ ցուցակում, («Special Watch List»), իսկ ԱՄՆ Կոնգրեսին՝ անցկացնել հանրային լսումներ ՝ Ադրբեջանում կրոնական ազատությունների ու ավելի լայն՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Առանձին մեջբերվում է նաև հանձնաժողովի անդամ Ջոնի Մուրի տեսակետը, ով դեմ է Ադրբեջանը հատուկ ցուցակի մեջ ներառելուն, քանի որ, ըստ նրա, չնայած բազմաթիվ մտահոգություններին Ադրբեջանն աշխարհի միակ երկրներից է, որտեղ սուննի և շիա հոգևորականները աղոթում են միասին, համագործակցության դաշտ կա բոլոր քրիստոնյա խմբերի հետ, մինչդեռ այդ երկրի հրեական համայնքը տարիներ շարունակ է ապրել ազատ և անվտանգ:

Այս մոտեցմանը հակադրվել է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության հրավիրած քննարկման ընթացքում նա իր անհամաձայնություն է հատնում այս ձևակերպման հետ՝ ընդգծելով, որ միասնական աղոթքի փաստը չի կարող խոսել պետության հանդուրժողականության մակարդակի մասին: Նրա կարծիքով զեկույցում առկա են բոլոր հիմքերը Ադրբեջանը Հատուկ մտահոգության երկրների ցուցակում (Countries of Particular Concern) ներառելու համար: Այս ցուցակում հանձնաժողովն առաջարկում է ընդգրկել մեկ տասնյակից ավել երկրներ, որտեղ կրոնական ազատությունների հետ կապված խնդիրներն առավել մտահոգիչ են: Դրանց թվում են Ռուսաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Տաջիկստանն ու այլ երկրներ:

Որպես հիմք այս մոտեցման համար Համբարյանը նշում է Ադրբեջանի կողմից հայկական կրոնական հուշարձանները ոչնչացնելու կամ հայկական հետքը ջնջելու փորձերը՝ շեշտելով, որ զեկույցում տեղ չեն գտել նաև ավելի քան քսան հազար հայկական խաչքարների ոչնչացման դեպքերը, որոնք, ըստ իրեն, արձանագրվել են վերջին 15 տարիների ընթացքում:

Դրա հետ մեկտեղ Հայ Դատի հանձնախմբի ղեկավարը ողջունել է զեկույցում տեղ գտած առաջարկը, ըստ որի հանձնաժողովը կոչ է անում միջոցներ տրամադրել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանն ու Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում սրբավայրերի ու այլ կրոնական կամ մշակութային հուշարձանների վերականգման, պահպանման և պաշտպանության համար:

Արամ Համբարյանի մոտեցմանը համակարծիք է նաև «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության ներկայացուցիչ Սթիվեն Հովարդը, ով հիասթափություն է հայտնել զեկույցում առկա առաջարկի կապակցությամբ՝ Հատուկ մտահոգության երկրների ցուցակի փոխարեն Թուրքիան և Ադրբեջանը պետքարտուղարության ցուցակում ներառելու մասին: Նա ընդգծում է, որ այսօր Ադրբեջանում և Թուրքիայում պետական մակարդակում նկատվում է թշնամական վերաբերմունք տարբեր փոքրամասնությունների խմբերի, և հատկապես հայերի հանդեպ:

Կրոնական հանձնաժողովն առաջարկել է նաև մտահոգիչ հարցերն ուղղել Ադրբեջանի դեսպանատանը և այլ պաշտոնյաներին, ինչպես նաև բարձրացնել Ադրբեջանում խղճի բոլոր բանտարկյալներին ազատ արձակելու հարցը: Բացի այդ, այն հորդորում է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ 2009 թ.-ի օրենքը վերանայելու ու այլընտրանքային զինվորական ծառայության ինստիտուտը հաստատելու հարցերում:

Բացի Ադրբեջանից, հանձնաժողովը առաջարկում է ԱՄՆ-ի պետքարտուղարության հատուկ ցուցակում ներառել նաև Աֆղանստանը, Ալժիրը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրաքը, Ղազախստանը, Մալազիան, Ուզբեկստանն ու Թուրքիան:

Թուրքիայի պարագայում հանձնաժողովի առաջարկներից մեկն ուղղված էր ԱՄՆ կառավարությանը, ըստ որի Վաշինգտոնը պետք է մի կողմից ճնշում գործադրի, իսկ մյուս կողմից գործակցի պաշտոնական Անկարայի հետ, որպեսզի վերջինս հստակ ժամակացույց տրամադրի Սիրիայի սահմանային գոտի ներխուժած թուրքական զորքերի դուրսբերման վերաբերյալ: Հանձնաժողովը նաև կոչ է անում պահանջել Թուրքիայից, որպեսզի վերջինս կարգադրի իր վերահսկողության կամ ազդեցության տակ գտնվող զինված խմբավորումներին դադարեցնել բոլոր տեսակի ակտիվությունը, որը բացասաբար է անդրադառնում այդ տարածքներում կրոնական կամ ազգային փոքրամասնությունների վրա: