Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_1263
A A
Տնտեսություն

Հայաստանի գինիները ներկայացվել են ՊրոդԷքսպո սննդի և խմիչքների 28–րդ միջազգային ցուցահանդեսում

Մոսկվայի «Էքսպոցենտր» համալիրում կայացավ ամենամյա ՊրոդԷքսպո 28-րդ ցուցահանդեսը, որը սննդի և խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում։ Ցուցահանդեսին մասնակցեց 1554 ընկերություն՝ 44 երկրից։ 

«ՊրոդԷքսպոWINE» սրահում գինի, կոնյակ և այլ ալկոհոլային խմիչքներ արտադրող շուրջ 200 ընկերության կողքին ՀԽԳՀ-ն ներկայացրեց հայկական 13 գինեգործական ընկերության արտադրանքը՝ ազգային միասնական տաղավարով։ Եվս 4 գինի և կոնյակ արտադրող ընկերություն ցուցահանդեսին մասնակցեցին առանձին տաղավարներով։ 

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա գտնվեցին ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ, նախարար Արտակ Քամալյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ 

«Ռուսաստանը հանդիսանում է հայկական գինու արտահանման ամենամեծ շուկան, որտեղ սպառվում է Հայաստանում արտադրված գինիների ավելի քան 75 %-ը։ Հաշվի առնելով ռուսական շուկայի ծավալները, վստահորեն կարող ենք ասել, որ հայկական գինիները սպառման ավելի մեծ ներուժ ունեն։ Ուստի նմանատիպ ցուցահանդեսներին մասնակցությունը հնարավորություն է տալիս հայ արտադրողներին արժեքավոր ծանոթություններ ձեռք բերել և գործընկերային կապեր հաստատել ներկրող և դիստրիբյուտոր ընկերությունների հետ»,- նշեց ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Հայաստանի խաղողագործական և գինեգործական վարկանիշի և հայկական գինու հովանոցային ապրանքանիշի ճանաչելիության բարձրացման նպատակով Հիմնադրամը կազմակերպեց նաև 10 գինու համտես-շնորհանդեսներ՝ գինու մասնագետներին ներկայացնելով 17 գինեգործարանի ավելի քան 60 տեսակ գինի։ Միջոցառումները կազմակերպվել են ՌԴ-ում Հայաստանի դեսպանության, ՎԻՆԻ հայկական գինու ակումբի և Ռուսաստանի սոմելիեների ասոցիացիայի հետ սերտ համագործակցությամբ։

Հայկական գինիների համտես-շնորհանդեսները վարել են Ռուսաստանում անվանի գինու քննադատներն ու փորձագետները, ինչպիսիք են Դենիս Ռուդենկոն, Արթուր Սարկիսյանը։ Նրանք գինու մասնագետներին, լրագրողներին, բլոգերներին, ինչպես նաև ներկրող ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացրել են Հայաստանի գինեգործությունն իր ողջ բազմազանությամբ՝ շեշտադրելով երկրի հնագույն պատմությունը, գինեգործական մշակույթը, գինեգործության համար բացառիկ տերուարն ու անկրկնելի խաղողի տեղածին սորտերը։    

Նշենք, որ հայկական գինիների մասնակցությունը  ՊրոդԷքսպոյին Հիմնադրամը կազմակերպում է 3-րդ անգամ։ Ցուցահանդեսին մասնակցության արդյունքում հայ արտադրողները մշտապես ձեռք են բերում նոր գործընկերներ և կնքում արտահանման նոր պայմանագրեր։  

 

ՀԽԳՀ-ը ստեղծվել է 2016 թ ՀՀ Կառավարության կողմից և նպատակ ունի խաղողագործության և գինեգործության ոլորտում ներդնել պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի նոր ռազմավարություն՝ միտված միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացմանը, ոլորտի օրենսդրական դաշտի և որակի վերահսկման համակարգի կատարելագործմանը, գործարար միջավայրի բարելավմանը և արտահանման ծավալների մեծացմանը: