Վերաքննիչ բողոք՝ «Սասնա ծռեր»-ի գործով
Աջակցիր «Ա1+»-ին«Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել։
Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդել է ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանել եւ փոփոխել դատավճիռը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին հրապարակված դատավճռով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը «Սասնա ծռեր» 1-ի գործով անցող բոլոր 9 անդամներին մեղավոր ճանաչեց նրանց առաջադրված մեղադրանքներում։ Իսկ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց մահվան հիմքով։ Միաժամանակ դատավորն արդարացրեց ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանին՝ ապացույցների բացակայության հիմքով։ Հիշեցնենք, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ երեք ոստիկանների՝ Գագիկ Մկրտչյանի, Արթուր Վանոյանի եւ Յուրա Տեփանոսյանի սպանության հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին։
Դատավոր Մեսրոպ Մակյանն ապացուցված համարեց երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի եւ Յուրա Տեփանոսյանի սպանության մեջ Սմբատ Բարսեղյանի մեղքը եւ նրան դատապարտեց 25 տարվա ազատազրկման։
Սակայն դատախազությունը իր ճառում հիմնավորված էր համարել թե Սմբատ Բարսեղյանի, եւ թե Արմեն Բիլյանի մեղքը։ Դատախազը միջնորդել էր Սմբատ Բարսեղյանին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Արմեն Բիլյանին՝ 21 տարվա ազատազրկման։
Դատախազությունը վերաքննիչ բողոքով միջնորդել է Արմեն Բիլյանի նկատմամբ արդարացի պատիժ նշանակել։ Իսկ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը, քանի որ վերջինս կարող է նշանակված պատիժը կրելուց եւ խոչընդոտել դատավճռի կատարմանը։
Սմբատ Բարսեղյանին էլ միջնորդել է դատապարտել ցմահ ազատազրկման։ Վերաքննիչ բողոքը էլ արդեն մակագրվել է դատավոր Ալեքսանդր Ազարյանին, սակայն նիստ օր դեռ նշանակված չէ։