Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+suser
A A
Սպորտ

Ալիկ Նավասարդյանը 27-րդ տեղն է գրավել սուսերամարտի աշխարհի առաջնությունում

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի  սուսերամարտի  պատանեկան և երիտասարդական առաջնություններում Հայաստանը  ներկայացել է հինգ պատվիրակով: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ճկասուսերակիրների մրցաշարին մասնակցել են Գրիգոր Պապոյանը և Աիդա Ալոյանը, իսկ խոցասուսերակիրների մրցումներում՝ Հովհաննես Մուրադյանը, Գագիկ Դավթյանը և Ալիկ Նավասարդյանը:

Հայաստանյան հնգյակը հաջողությամբ հաղթահարել է նախնական փուլի արգելքը և մտել 64 ուժեղագույնների շարքը: Խմբային այդ մրցաշարում մերոնցից չորսը պարտվել են և օլիմպիական մրցակարգի համաձայն դուրս մնացել  հետագա պայքարից: Իսկ ահա Ալիկ Նավասարդյանը համոզիչ հաղթանակ տոնելով սերբ մրցակցի նկատմամբ՝ 15:11, մտել է 32 լավագույնների խումբ:

Այստեղ նա մրցել է նախօրյակին երիտասարդների առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձած եգիպտացի մրցակցի հետ: Մեր պատանի սուսերամարտիկը լարված պայքարում զիջելով տանտիրոջը՝ 11:15, վերջնարդյունքով 91 մասնակիցների մեջ գրավել է 27-րդ տեղը: