Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Այդ թունաքիմիկատներից մարդիկ են մահանում, 400 հազար եվրո արդեն ծախսվել է, բայց ինչի՞ վրա. ԲՀԿ-ական (տեսանյութ)

Երևանի Էրեբունի վարչական շրջանի թունաքիմիկատների գերեզմանը շարունակում է թունավորել և վտանգավոր լինել մարդկանց կյանքի ու քաղաքի համար, այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց  ԲՀԿ  խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը։

Նրա խոսքով, այնտեղ առկա, այսպես կոչված, «ДТТ» թունաքիմիկատը մեծ վնասներ է հասցնում մարդկանց առողջությանը․

«Ես ուսումնասիրել եմ, որ այն ուռուցքածին է, շատ տարածված հիվանդություններ կան այդ թունաքիմիկատից և մարդիկ մահանում են։ 5 մլն եվրո փող է եկել այդ թունաքիմիկատների գերեզմանոցը տեղափոխելու կամ ոչնչացնելու համար, բայց երկու տարի է՝ լսում ենք, որ մոտ 400 հազար եվրո այդ գումարից ծախսվել է։ Եվս 5 տարի հետո, կարծում եմ, այդ 5 մլն եվրոյից ոչինչ չի մնա, իսկ թունաքիմիկատը կշարունակի թունավորել քաղաքը, գետերն ու Հայաստանը», - ասաց նա։

Նա խնդրանքով դիմեց ավագանու իր մյուս գործընկերներին՝ խումբ կազմել, միասին գնալ Էրեբունի, որպեսզի բոլորն իրենց աչքով տեսնեն իրավիճակը և չմտածեն, որ ինքն ամեն անգամ ելույթ է ունենում ու սուր հարցեր է բարձրացնում քաղաքական դիվիդենտներ շահելու համար․

«Ո՛չ, ես պարզապես մտահոգված եմ մեր քաղաքացիների առողջության մասով։ Սա լուրջ հարց է, այդ փողը կամաց-կամաց մաշվում է, եկեք հետևենք՝ ինչի վրա են գումարները ծախսվելու և երբ է ոչնչացվելու այդ թունաքիմիկատը», - նշեց Արմեն Ներսիսյանը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց՝ նշելով, որ Արմեն Ներսիսյանը շատ կարևոր թեմա է բարձրաձայնում և, ցավոք սրտի, երկար տարիներ այս թեմաներն անտեսված են եղել․

«Եվրամիության ծրագիրն առնչվում է կենցաղային վտանգավոր թափոններին, ո՛չ գյուղատնտեսական, ո՛չ էլ արտադրական։ Ձեր նշածը հստակ ոչ կենցաղային վտանգավոր թափոնների մասին է», - ասաց Մարությանը։

Նրա խոսքով՝ Արմեն Ներսիսյանի նշած թափոնների մասով պետք է այլ գերատեսչություն աշխատի, չնայած որ նշված խնդիրը Երևան քաղաքում է, բայց իրենց անելիքը չէ։