Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գերիների թեման այսօր քննարկվելու է նաև Եվրանեսթի օրակարգում․ Արման Եղոյան (տեսանյութ)

Երկարատև ու համառ ջանքերից հետո երեկ վերջապես ԵԽԽՎ  մեր պատվիրակությանը հաջողվեց Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը մտցնել լիագումար նիստերի օրակարգ, այսօր արդեն կքննարկվի։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրուցների ժամին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ հավելելով, որ գերիների թեման այսօր  քննարկվելու է նաև Եվրանեսթի օրակարգում։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, ի թիվս թուրքերի և ադրբեջանցիների, դեմ է քվեարկել նաև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, Եղոյանն ասաց՝ սրա վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի տեսել, մնացած հարցերի վերաբերյալ հորդորեց դիմել պատվիրակության անդամներին, երբ նրանք վերադառնան․

«Որքան էլ փորձում ենք գերիների հարցը չքաղաքականացնել,  որովհետև այն պետք է լուծվի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով, բայց մենք տեսնում ենք այդ հարցի քաղաքականացման փորձեր Ադրբեջանի կողմից, հետևաբար՝  նրանց վրա նաև քաղաքական ճնշում պետք է բանեցվի, ինչը արդեն արվում է, որպեսզի հարցը լուծվի քաղաքական ճնշման միջոցով»։

Այնուամենայնիվ՝ Եղոյանը նշեց՝ ԵԽԽՎ-ն դատարան չէ, և եթե նույնիսկ  ընդունվի բանաձև, դրանից չի հետևում, որ բանաձևի հասցեատերը պետք է նույնությամբ կատարի բանաձևում արձանագրվածը։

Ինչ վերաբերում է ներքաղաքական օրակարգին, Եղոյանն ասաց՝ վարչապետը հրաժարական է տալու ապրիլի վերջին տասնօրյակում, մնալու է ժամանակավոր պաշտոնակատար, այս պահին քննարկում են դաշինքով, թե՞ կուսակցությամբ ընտրությունների գնալու հարցը։

Եղոյանն ասաց՝ կան ուժեր, որոնց հետ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է դաշինք կազմել, բայց անուններ չհրապարակեց։

Եղոյանն անդրադարձավ նաև վարչապետի առաջարկած այն մտքին, թե հնարավոր է քննարկել պարտադիր ժամկետային զինծառայությունը կրճատելու և հինգ տարին մեկ 2-3 ամսով դարձնելու հարցը։

Նշեց, որ սա ընդամենը գաղափար է և ոչ թե հաստատված ծրագիր․

«Սրա դետալները և ամբողջ բովանդակությունը կարող է փոխվել, և սրա մասին խոսելը դեռ շատ վաղ է»։