Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների հարազատները հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)

44-օրյա պատերազմին մասնակից ժամկետային զինծառայողների ծնողները Կառավարության շենքի  դիմաց են։

Պահանջը նույնն է՝ կրճատել պատերազմին մասնակցած զինծառայողների ծառայության ժամկետները, որ նրանք կարողանան հնարավորինս շուտ վերադառնալ, անցնել անհրաժեշտ բուժզննումները։

Ծնողներից Հրայր Կարապետյանը նշեց, որ պատերազմի բովով  անցած զինվորներին պետք է խրախուսել ու ցանկանում են, որ առաջին հերթին այդ  լինի ծառայության ժամկետները կրճատելու տեսքով.

«Այդ երեխաները ինչ-որ բանո՞վ պետք է տարբերվեն խաղաղ պայմաններում ծառայությունն անցկացրած զինվորներից, թե՞ ոչ։ Պե՞տք է խրախուսել ի վերջո, թե՞ չէ։ Այսօր ցանկացած ոլորտում՝ լինի մանկավարժ, շինարար, գիտնական, առաջամարտիկները միշտ խրախուսվում են։ Մեր երեխեքի դեպքում հակառակը եղավ՝ խրախուսելու փոխարեն պատերազմի ավարտից հետո 6 ամիս փաստորեն երեխաները պատժվում են՝ կրելով պատերազմի ծանրությունն ամբողջությամբ ու հետպատերազմյան ամբողջ բեռը», - ասաց նա։

Ծնողի խոսքով՝ քանի որ 2019թ. երկրորդ զորակոչի տղաների ամառային զորացրմանը մնացել է մոտ 3 ամիս, ճիշտ են համարում հիմա էլ զորացրել այդ երեխաներին։ Իսկ մյուս երկու զորակոչերի երեխաների ծառայության ժամկետից կրճատել 6 ամիս։

Ծնողներից Արտուշն Բադալյանն էլ ասաց, որ պատերազմին մասնակցած տղաներն արդեն գերակատարել են իրենց ծառայությունը, ու թեև իր տղայի զորացրվելուն 75 օր է մնացել, նա եկել է մյուս երեխաների, իր տղայի ընկերների համար, որոնց հնարավոր է ժամկետի կրճատումներով խրախուսել։

Վարչապետի հետ հանդիպումներ շատ են եղել, նշեց Հրայր Կարապետյանը, և Նիկոլ Փաշինյանը միշտ նշել է, որ ծնողների բոլոր պահանջները համարում է արդար, սակայն դեռևս հստակ քայլեր և լուծումներ չկան։

Ծնողների փոքր խումբ այս պահին հանդիպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։