Բացել լրահոսը Փակել լրահոսը
mr
A A
Քաղաքականություն

Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարները հանդիմանել են իրար մամուլի ասուլիսի ժամանակ

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն այցելել է Թուրքիա, բանակցություններ վարել թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է Ermenihaber.am-ը։

Հանդիպումից հետո Չավուշօլուն և Դենդիասը համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել, որի ընթացքում երկուստեք հնչել են  կոշտ հայտարարություններ:

Չավուշօղլուն  հայտարարել է՝ Անկարան կողմ է, որ Հունաստանի հետ վիճելի խնդիրները լուծվեն կառուցողական բանակցությունների միջոցով, բայց դեմ է, որ երրորդ երկրները միջամտեն այդ գործընթացին:

Դենդիասը քննադատել է Անկարային Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարած քաղաքականության հարցերում։

«Եթե Թուրքիան շարունակի խախտել մեր ինքնիշխանության իրավունքները, ապա օրակարգում կհայտվեն պատժամիջոցները»,- ասել է Դենդիասը:

Չավուշօղլուն, պնդելով, որ Թուրքիան չի խախտում Հունաստանի ինքնիշխանության իրավունքները, ասել է. «Թուրքիան ունակ է պաշտպանելու Կիպրոսի թուրքերի, ինչպես նաև իր իրավունքները Արևելյան Միջերկրականում: Մեր կողմից կատարվող քայլերն էլ միտված են պաշտպանելու մեր իրավունքները»:

Նրա խոսքով՝ իրենց համար ծայրաստիճան անընդունելի են Հունաստանի կողմից Թուրքիայի հասցեին ուղղված մեղադրանքները:

«Բացի այդ, մենք Թուրքիայում հույն ուղղափառ փոքրամասնությանը որպես հույն ուղղափառ ենք ընդունում, սակայն դուք նրանց, ովքեր իրենց ասում են՝ «ես թուրք եմ»,  ասում եք՝ «ոչ, դու թուրք չես, միայն մուսուլման ես»: Դա ոչ մարդկային է, ոչ էլ համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին»,-ասել է Չավուշօղլուն։ 

«Մենք դրական ենք համարում Թուրքիայի և Հունաստանի միջև երկխոսության ալիքների աշխուժացումը և հուսով ենք, որ բոլոր վիճելի խնդիրները կարելի է լուծել այդ ճանապարհով։ Պետք է խուսափել վերջնագրերի ու սադրանքների ոճով խոսելուց։ Մենք կողմ ենք Միջերկրական ծովում ծովային գոտիների արդարացի բաժանմանը։ Առաջարկել ենք կոնֆերանս անցկացնել, սպասում ենք պատասխանի։ Երրորդ երկրների միջոցով լուծում փնտրելը սխալ մոտեցում է», - շեշտել է Չավուշօղլուն։

Հույն և թուրք նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները Կիպրոսի հարցի շուրջ հանդիպման շրջանակում, որը նախատեսված է ապրիլի վերջին Ժնևում։

«Մենք կշարունակենք աշխատել հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Կարևոր ենք համարում չվերթերի վերսկսումը և սահմանի բացումը առևտրի զարգացման համար», - նշել է թուրք նախարարը։

Նա հավելել է, որ Թուրքիան ցանկանում է Հունաստանի հետ երկխոսությունը շարունակել առանց նախապայմանների և հարաբերություններ զարգացնել երկխոսության միջոցով, ինչպես հարևաններ ու դաշնակիցներ:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button