Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Էդմոն Մարուքյան, դու անցար այն կարմիր գիծը, որը պիտի չանցնեիր․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

«ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը փորձում է մի քանի վայրկյան  չակերտավոր, թիվ մեկ ընդդիմադիրի աթոռին նստելով հագնել երբեմնի թիվ մեկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի պատմուճանը»,- ԱԺ նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց՝ Էդմոն Մարուքյանն ասում է, որ ՏԿԵ նախարարն ու փոխվարչապետը հազիվ վերջին պահին գալիս են նիստի․

«Հարգելի՛ս, եթե դու չես գտնվել խորհրդարանի դահլիճում կամ այնքան է վեհությունդ և մեծությունդ բարձր, որ չես ուզում նկատել մեզ այստեղ, ուրեմն պիտի նշեմ, որ մենք մշտապես գտնվել ենք մեր տեղում ու կատարել ենք մեր պարտավորությունները», - ասաց Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ ելույթ չէր ցանկանում ունենալ, սակայն Էդմոն Մարուքյանի արտահայտությունը, թե՝ նայե՛ք՝ ինչ մեքենա է սպասարկում պարոն Պապիկյանին, փոխեց իր մտադրությունը․

«Այստեղ բանալի բառը սպասարկելն է։ Այո՛, ՏԿԵ նախարարին սպասարկում է ծառայողական մեքենա, Սուրեն Պապիկյանին չէ, այն ինստիտուտին, որ պետք է լինի այդ դերում։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ Ձեր խմբակցության ղեկավարը սամակատո՞վ է գնում Վանաձոր գալիս»։

Այս մասին կարող է խոսել մի մարդ, ասաց Սուրեն Պապիկյանը, որ հրաժարվել է ծառայողական մեքենայից, իրեն օրենքի սահմանված կարգով հասնող բնակարանի վարձատրությունից․

«Մարդը ստում է, որ մենք այստեղ չենք գտնվել, մանիպուլացնում է։ Մինչև ե՞րբ, ո՞ւր։ Այս անգամ ձեր ընտրած երրորդ ճանապարհը, ի դեպ, ընդամենը ձեր պարտության ալիբին է, որովհետև ձեր կանխորոշած պարտությունը ձեր այսօրվա ցայտնոտն է։ Նախ, սա շատ խիստ պահանջ է, բարի եղեք շատ կոռեկտ արտահայտվել այն քաղաքական ուժի, քաղաքական ուժի ղեկավարի մասին, ում շվաքի ներքո եկել, բազմել եք այստեղ», - ասաց նա։

Պապիկյանի խոսքով՝ եթե չեն խոսում կամ չեն ասում, չի նշանակում՝ չգիտեն, թե 2018 թվականին ինչպես են քվեները հավաքել, երբ ասում էին՝ ժողովուրդ, մենք իրար հետ ենք, մեզ տվեք, որ շատ լինի․ «Չի՛ լինելու այս անգամ։ Ու դու անցար այն կարմիր գիծը, որ պիտի չանցնեիր»։