Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ողջունեցի վարչապետի այն համոզմունքը, որ նույնիսկ այս իրավիճակում պետք է այնպես անել, որ Արցախն ապագա ունենա․Իգիթյան (տեսանյութ)

Ես ողջունեցի վարչապետի այն համոզմունքը, որ նույնիսկ այս իրավիճակում պետք է այնպես անել, որ Արցախն ապագա ունենա։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Դիտարկմանը, թե այսքան կորուստներից հետո վարչապետի խոսքը պե՞տք էր արդյոք ծափահարություններով ամրագրել, պատգամավորը նշեց՝  դահլիճում  գտնվողները այդպես ճիշտ են համարել:

«Ոչ մի քաղաքական ուժ առանձին, ոչ մի անձ առանձին չի կարող ապահովել թե’ Արցախի, թե’ Հայաստանի ապագան․ դա կլինի միայն այն ժամանակ, եթե դա դառնա հայության միասնական օրակարգը։ Եթե դա դառնա մեր օրակարգը, մենք կհաջողենք: Եվ ինձ համար ինչքան ցավալի է պատերազմի հետեւանքները, ոչ պակաս ցավալի է այն մի քանի ամիսը, որ մենք կորցրեցինք պատերազմից հետո: Փոխարենը բոլոր քաղաքական ուժերը գտնեին այն օրակարգը, անկախ այն բանից՝ ով է իրեն տեսնում վարչապետ, կամ չի տեսնում վարչապետ, պատգամավոր կամ ոչ պատգամավոր: Ամենակարեւորը որ կա մի նախադասություն, որը պետք է ընդունելի լինի բոլորի համար, եւ այստեղից դուրս եկած մեսիջը դառնում է ամբողջ աշխարհի հայության մեսիջը, եւ եթե դառնում է մեր հայության օրակարգը, մենք կհաջողենք: Օրինակ, Վազգեն Մանուկյան, Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան, դուք ուզում եք լինել վարչապետ, դա ձեր գործն է, ես ոչ կարող եմ ողջունել, ոչ կարող եմ մերժել ձեր ցանկությունը, ժողովուրդը կորոշի: Բայց ես հարց եմ տալիս, օրինակ, ԼՂ դեօկուպացիայի հարցը, եթե համաձայնության է բերվում բոլոր ուժերի կողմից, անկախ այն բանից` ընտրություններ կլինեն, թե չեն լինի, դեօկուպացիայի հարցի շուրջ համաձայնությունն է, հետո հաջորդ հարցը Շուշին, գերիների խնդիրը,  այդ հարցերը գրենք եւ ասենք, թե այս իրավիճակում ինչ կարելի է փրկել, այստեղ եմ տեսնում իմ առաքելությունը»,- ասաց նա:

Ըստ Իգիթյանի՝  եթե այդ հարցերը չլինեն օրակարգային, չենք կարող փրկել ոչ միայն Արցախը, այլեւ` Հայաստանը․

«Անձի շուրջ միասնութjուն չի լինելու, դրա համար այն, ինչ-որ կապված է ընտրությունների հետ, չի լուծելու այն հիմնական հարցը, որը մենք ունենք: Դա չի լուծելու այն հիմնական հարցը` ինչ է լինելու Արցախի հետագան, քայլերը, ճանապարհային քարտեզը, որովհետեւ այն, ինչ մենք կառուցում էինք Արցախում, անկախ այն բանից` Լեւոն  Տեր- Պետրոսյանն էր, Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանy, անվտանգության համակարգի տեսանկյունից սեպտեմբերին ապացուցվեց, որ չգործեց»,- ասաց նա:

Ադրբեջանը պատերազմիc հետո ամեն օր ապացուցում է, որ ինքը ոչ մի  պարագայում չի կարող իշխել, կառավարել հայությանը, հայը չի կարող լինել Ադրբեջանի իշխանության տակ․

«Եւ գալիս է ամենակարեւոր հարցը՝ եթե Արցախը չի լինում Ադրբեջանի կազմում, ապա ի՞նչ, ապա գալիս է կարգավիճակի հարցը, այն ինքնանպատակ չէ: Եթե ինչ-որ մեկը կարգավիճակի հարցը նայում է ճաշակի խնդիր կամ մեկ այլ բան, հիմա կարգավիճակի հարցը դառնում է ամենաէական հարցը: Մենք պետք է նայենք, որ Արցախում լինի երկարատեւ խաղաղության եւ կյանքի երաշխիք»,-նշեց Իգիթյանը՝ հավելելով, որ պետք է ձևակերպել հայության փաստաթուղթ։

Ինչ վերաբերում է ռազմագերիների խնդրին, Իգիթյանն ասաց՝  պատրաստում է մի բանաձեւ, որը տարբեր կազմակերպություններում, առաջին հերթին՝ Եվրախորհրդում, կօգնի  Ռուսաստանին, աշխարհի հետ միասին լուծել այդ հարցը։