Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս ցավալի պարտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ ստորակետ․ Միքայել Մելքումյան (տեսանյութ)

Պետք է շարժվենք առաջ՝ իմանալով ինչ քայլեր ենք իրականացնում։ ԱԺ հայտարարությունների ժամին նման տեսակետ հայտնեց ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը․

«Ես ուզում եմ հավատալ և բոլորս պետք է հավատանք, որ այս ցավալի պարտությունից հետո, այս հակամարտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ դրված է ընդամենը ստորակետ: Եվ մենք բոլորս պետք է ապրենք նոր օրակարգով, որպեսզի մեր ողնաշարն ուղղենք և պատրաստվենք  հաջորդ հաղթանակին՝ թեկուզ փոքր-փոքր քայլերով, հաղթանակներով, որը կարող է մեր ազգային արժանապատվությունը վերականգնել»,-ասաց Մելքումյանը՝ շեշտելով,որ ամեն ինչ պետք է ներդնել ռազմագերիների վերադարձի համար․

«Մի քանի օրից Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստում շատ կոշտ ենք արտահայտվելու այդ հարցով: Եվրոպական խորհրդի մի անդամ պետություն մյուս անդամ պետության քաղաքացիներին գերեվարում է: Սա աբսուրդ է, մենք այդ կառույցներից պետք է շատ հստակ պահանջենք, թե ինչ պետք է լինի»,-ասաց Մելքումյանը։

ԲՀԿ պատգամավորն անդրադարձավ նաև փոխարժեքի շուկայում տատանումներին, ասաց՝ դրանք լավ զարգացումների մասին չեն խոսում․

«Մի քանի օր առաջ Կենտրոնական բանկը 56 մլն դոլարի ներարկում արեց ֆինանսական շուկայում և իջեցրեց դոլարի փոխարժեքը՝ 10 դրամ, 15 դրամ, 20 դրամ մեկ օրում։ Հիմա ես հարց եմ տալիս՝ այսինքն՝ այն 20-22 օրը, երբ ամեն օր կուրսն աճում էր, իսկ մենք ասում էինք՝ կուրսը լողացող է, որևէ միջամտություն չկա, այսինքն՝ ի՞նչ եղավ։ Ես խոսում էի ԿԲ ղեկավարներից մեկի հետ, ասում է՝ մենք սպեկուլյատիվ բաներ չենք տեսնում, եթե լինի՝ կմիջամտենք։ Հաջորդ օրն առավոտյան միջամտեցին։ Այսինքն՝ ես ուզում եմ հասկանալ՝ այդ թռիչքը որ եղավ, դա օրինաչա՞փ երևույթ էր։ Եվ այն գործարարները, որոնք պետք է գործարքներ անեին և ապրանքներ ներկրեին, դրա համար իրենց պետք էր տարադրամ, 45-47 կուրսի ժամանակ առել են, հիմա այդ ապրանքը պետք է բերեն, և դա հիմք կդնի նոր թանկացման համար, դա օրինաչա՞փ է։ Կենտրոնական բանկն իր ֆունկցիան կատարել է, թե՞ չէ, 22 օր դու հետևես, որ անընդհատ աճի, մի փայտիկով իջեցնես։ Մենք չգիտենք, թե հաջորդիվ ինչ է լինելու այդ թռիչքը, 56 մլն-ը բավարար է, թե՞ չէ։ Թող բացատրեն՝ վալյուտա չկա՞ երկրում։ Արտահանման ծավալները ինչքա՞ն են կրճատվել, զոսաշրջիկներ, պարզ է, չկան, մարդիկ ներդրում չեն անում, դոլար չեն ուզում մանրեն, այսինքն՝ ո՞ր կետում ենք, թող գան և այս ամբիոնից ներկայացնեն»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը։