Բացել լրահոսը Փակել լրահոսը
նախարարություն
A A
Պաշտոնական

«Սոցփաթեթի շահառուների բժշկական օգնությունը ապահովագրական ընկերությունների կողմից կազմակերպվում է դեռ 2017-ից, երբ Թորոսյանը դեռևս նախարար չէր»

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

Անդրադառնալով Factor.am կայքի թողարկած «487 մլն դրամ Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բիզնեսին, 431 մլն դրամ՝ Խաչատուր Սուքիասյանի. Առողջապահության նախարարությունը առանց մրցույթի՝ մեկ անձից, գնումներ է կատարել» վերտառությամբ հոդվածին, հայտնում ենք, որ առողջապահության նախարարությունը ապահովագրական ընկերություններին «պատահար տեղի ունենալու դեպքում» բժշկական ծառայությունների դիմաց հատուցելու գործառույթ չի իրականացնում: 

Պատահարի դեպքում ապահովագրական հատուցում իրականացվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի դրույթներին համապատասխան՝ ապահովագրական ընկերությունների բյուրոյի կողմից: 

Առողջապահության նախարարությունը կնքում է պայմանագրեր «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների (սոցիալական փաթեթ)» ձեռք բերման համար:

Լրատվամիջոցը կամ միտումնավոր աղավաղում է փաստերը, կամ չի տիրապետում տեղեկատվությանը, որ սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնությունն ու սպասարկումը ապահովագրական ընկերությունների կողմից կազմակերպվում է դեռևս 2017 թվականից, երբ Արսեն Թորոսյանը դեռևս առողջապահության նախարար չէր: 

Ինչ վերաբերում է հոդվածում նշված «Առողջապահության նախարարությունը 2021 թվականի համար «հիվանդանոցային ծառայություններ» տողով չորս ապահովագրական կազմակերպության հետ կնքել է գնման պայմանագիր» ձևակերպմանը, ապա արձանագրենք, որ առողջապահության նախարարության և նյութում հիշատակված ապահովագրական ընկերությունների միջև 2021 թվականին կնքվել են պայմանագրեր` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք դրույթներին համապատասխան, ծառայությունների դիմաց ֆինանսավորումը պետական բյուջեի միջոցներով և ապահովագրական հատուցումներով իրականացնելու համար: