Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի համար հայ գերիներին պահելը պետք է դառնա միջազգային գլխացավանք․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)

Գերիների հարցով Ադրբեջանը փորձելու է մաքսիմալ ցավեցնել մեզ և փորձել այս թեման մեր ներքաղաքական կյանքում շահարկումների հիմք դարձնել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

 «Ադրբեջանի համար հայ գերիներին պահելը պետք է դառնա միջազգային գլխացավանք, և մենք ամեն օր այս ուղղությամբ պետք է աշխատենք։ Մենք ինտենսիվ աշխատում ենք»,-վստահեցնում է Հայրապետյանը։

Իշխանական պատգամավորի խոսքով՝ մարդիկ կան, ովքեր օգտագործում են միջազգային լսարանները և ասել, որ Հայաստանն է հրահրել պատերազմը․

«Հայաստանը երբեք չի խախտել բանակցային գործընթացի կուլտուրան, Ադրբեջանը պարզ տեքստով ասել է՝ ես պատրաստվում եմ պատերազմի, ինչու ենք մենք մեր ներսում անընդհատ փորձում մեզնից մեղավորներ գտնել՝  չհասկանալով, որ պատճառը Բաքվում է, չհասկանալով՝ ինչ մտադրություններ ունի Բաքուն։ Ես կարծում եմ, որ մենք Հայաստանում որպես հանություն և պետություն պետք է շատ բան վերաիմաստավորենք մեր մեջ, պետք է դադարեցնենք շահարկել մարդկային ցավը, մենք պետք է հասկանանք, որ բոլորս  մի նավում ենք, եթե խորտակվի, խորտակվելու ենք բոլորս, պետք է թույլ տանք՝ ով կարողանում է թիավարել, թող թիավարի, որպեսզի այդ նավը դուրս գա այս բարդ իրավիճակից»։

Հայրապետյանը հայտարարեց՝ բանակցությունները փակուղի մտել են այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը փորձեց երրորդ անգամ առաջադրվել, և ինքն ԱԺ ամբիոնից խոսեց այդ մասին։

Պատգամավորն ասաց՝ գիտի, որ վերջին անգամ գերիների վերադարձի հետ կապված հստակ պայմանավորվածություն չի եղել։

Ըստ Հայրապետյանի՝ պատերազմն անխուսափելի էր, և այն նպատակ էր, որն Ադրբեջանը դրել էր իր առաջ։