Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երկիրը փորձադաշտ չի, որ ընտրվեք, հետո գնաք, ծանոթանաք աշխատանքին․Վարդանյանը՝ ՀԾԿՀ անդամի թեկնածուին (տեսանյութ)

«Շատ հարցերում Դուք պատասխանում եք՝ դեռ ծանոթ չեմ, կգնամ, կծանոթանամ։ Կներեք, բայց երկիրը փորձադաշտ չի, որ Դուք գնաք, այնտեղ ծանոթանաք։ Եվ մեղադրանքներ առ այն, որ կրկին ԱԺ-ն նշանակեց պաշտոնի անձի, որ գնալու է, հետո ծանոթանա, մեզ հարկավոր չեն», - Ազգային ժողովի նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Լևոն Բունիաթյանին։

Դիմելով թեկնածուին՝ նա ասաց, որ առաջին դեպքն է, որ նա տեսնում է՝ թեկնածուն օգտագործում է ելույթի համար իրեն տրված առնվազն 20 րոպեի 3-4 րոպեն, որի մի մասը կենսագրականն է․

«Պարոն Բունիաթյան, գալիս եք ՀԾԿՀ, ունեք առնվազն 20 րոպե՝ ներկայացնելու Ձեր տեսլականը, ոչինչ չեք ասում օրենսդրական այն ակտերի մասին, որը կարգավորում է այդ մարմնի գործունեությունը, ոչինչ չեք ասում նրա մասին, թե ինչ խնդիրների եք առնչվել առ այսօր՝ այդ հաստատության գործունեության հետ կապված, ոչինչ չեք ասում Ձեր դերակատարության հետ կապված։ Ասում եք՝ սակագները չենք բարձրացնի, իսկ եթե իրավիճակ լինի, երբ օբյեկտիվորեն սակագները պետք է բարձրացնել, ինչպիսի՞ն է լինելու Ձեր դիրքորոշումը», - ասաց Վարդանյանը։

Նա հարցրեց՝ ի՞նչն էր խոչընդոտում Լևոն Բունիաթյանին՝ մինչև ԱԺ ներկայանալը ծանոթանալ բոլոր այն ընթացակարգերին, գործընթացներին, հրապարակումներին, խնդիրներին, որոնք առկա են հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում։

Լևոն Բունիաթյանը պատասխանեց՝ ինքը չի նշել, որ սակագները չեն թողնելու բարձրացվեն, այլ մասնավորապես կարող են լինել դեպքեր, երբ պետք է բարձրանան․

«Ինչ վերաբերում է զեկույցին և ժամանակին, այդքանն եմ կոնսպեկտ արել և չեմ ցանկացել ձեր թանկագին ժամանակը, այսպես ասած, օգտագործել մնացած հարցերով և ինձ ժամանակ շատ քիչ է տրված եղել՝ գործունեություններն ամբողջությամբ կարդալու ու ուսումնասիրելու», - ասաց նա։

Բունիաթյանի խոսքով՝ մասնագիտական փորձ ունի, սակայն մի բաժնից մյուս բաժին տեղափոխվելը գործունեության տարբերություն է ենթադրում։ Հիմքը նույնն է, սակայն այնտեղ պետք է որոշակի ժամանակ աշխատի՝ փորձ ձեռք բերելու համար․

«Ես հանրային ծառայություններում չեմ աշխատել և չեմ կարծում, որ որևէ մեկը, այնտեղ չաշխատելով, իմանա ամբողջ այդ կանոնակարգը և օրենսդրությունը՝ մինչև այնտեղ տեղափոխվելն ու աշխատելը», - նշեց նա։

Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց, որ մինչև Ազգային ժողով գալը ինքն էլ երբեք պատգամավոր չի եղել, բայց դա չի խոչընդոտել ուսումնասիրել, ծանոթ լինել այն իրավական փաստաթղթերին, գործընթացներին, առանձնահատկություններին, որոնք առկա են ԱԺ-ում․

«Հաստատ ընտրությունների հետ կապված ես խնդիր կունենայի, եթե, օրինակ, ընտրողին ասեի՝ բան չեմ հասկանում, որովհետև այդ ոլորտում չեմ եղել, ԱԺ-ում երբեք չեմ եղել, բայց կգամ, կսովորեմ։ Ինչևէ, ես հասկացա Ձեր անկեղծությունը, բայց, կներեք, եթե, օրինակ, տեխնիկական գիտությունների ոլորտում հնարավոր է ինչ-որ փորձարկումներ կատարել, ապա պետական կառավարման ոլորտում փորձարկումները շատ վտանգավոր են», - ասաց պատգամավորը։

 Ի դեպ, Լևոն Բունիաթյանի թեկնածությունն առաջադրել է  հենց «Իմ քայլը» խմբակցությունը։