Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հանձնաժողովը հարցին տվեց դրական եզրակացություն (տեսանյութ)

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ քննարկվեց ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցումը 24-ժամյա ռեժիմով կազմակերպելու հարցը:

Այդ մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից։

Հիշեցնենք, որ նախագիծն արդեն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ Դիլիջանի միջազգային դպրոցի ղեկավարությունը նամակով դիմել է Ազգային ժողովին եւ Կառավարությանը: Մտահոգություն կա, որ մինչեւ ապրիլի 20-ը օրենքը չընդունելու պարագայում խնդիրները կրկնվելու են: «Մենք եկանք այն եզրակացության, որ մտահոգություններն արդարացված են»,-նշեց Թունյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հիշեցրեց, որ նախագծով Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրն իրականացնող կազմակերպությունները շահութահարկից ազատման արտոնություններից օգտվել կարողանալու համար մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը զուտ շահույթը պետք է ներդնեն ծրագրի շրջանակում որպես վերաներդրում: Շահութահարկով հարկումից ազատված կլինի այդ ներդրված մասը: Փոխնախարարը պարզաբանեց, որ օրենքում օգտագործվող եզրույթներն ավելի հատուկ են ոչ թե հարկային, այլ ֆինանսական (հաշվապահական) հաշվառմանը: Գործնականում լինում են դեպքեր, երբ ընկերությունը ֆինանսական համ հաշվապահական հաշվառման առումով ոչ թե ունի շահույթ, այլ ունի վնաս: Սակայն հարկային հաշվառման արդյունքով ունի հարկվող շահույթ:

«Քանի դեռ ընկերությունը չունի շահույթ, չի կարող որեւէ գումար ներդնել ծրագրի շրջանակում որպես վերաներդրում, հետեւաբար արտոնության կիրառության նախապայմանը չի ապահովի: Մինչդեռ դա անարդար իրավիճակ է՝ պայմանավորված ֆինանսական եւ հարկային հաշվառման մեթոդաբանական տարբերություններով»,-ասաց Պողոսյանը:

Նախագծով ծրագրի հետ կապված եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվելու: Ծախսերն էլ շահութահարկով հարկման նպատակով ծախս չեն համարվելու:

Հանձնաժողովը հարցին տվեց դրական եզրակացություն: