«Covid-ի շրջանում ստացել ենք 19 բռնության ահազանգ». Միրա Անտոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇուրջօրյա և ցերեկային հաստատությունների շահառու երեխաների վրա կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացումը բացասական ազդեցություն ունեցավ, -ասում է ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը․
«Երեխաների մուտքն ու ելքը սահմանափակվեց։ Նրանք ստիպված էին սովորական առօրյայից տարբեր կյանքով ապրել։ Երեխաները մեզ մոտ գալիս են տարբեր ճգնաժամերի պատճառներով և մեր աշխատակարգը Covid-ի պայմաններում տարբեր ու դժվար էր այն իմաստով, որ երեխաները կենտրոնից դուրս իրենց ժամանցը չէին կարողանում անցկացնել՝ թատրոն, էքսկուրսիաներ և այլն», - ասում է նա։
Երեխաներին բացատրելը, թե ինչու չեն կարող դուրս գնալ, ծնողների հետ շփվել, նրա խոսքով, շատ դժվար էր։ Մեկուսացված պայմաններից երեխաները լուրջ խնդիրներ էին ունենում, կորցնում էին քունը։ Եվ կենտրոնի աշխատակիցները փորձում էին հնարավորինս շեղել նրանց տարբեր զբաղմունքներով՝ իրավիճակը մեղմելու համար․
«Covid-ի պայմաններում մեր երեխաները կենտրոնի բակում սկսեցին ծաղիկներ աճեցնել, ծառեր մշակել, բանջարեղեն ցանել և ունեցանք հրաշալի այգի։ Երեխաները հաճույք էին ստանում այդ զբաղմունքից», - նշեց Միրա Անտոնյանը։
Համավարակի ընթացքում շուրջօրյա և ցերեկային հաստատությունների փակվելն այնքան էլ արդարացված չէր, -ասում է Միրա Անտոնյանը, քանի որ ծնողները նաև հաճախ դրսում շփվում էին այլ մարդկանց հետ։ Սակայն, ամեն դեպքում, երեխաներին որոշ չափով հնարավոր եղավ վարակի տարածումից պաշտպանել։
Մեկուսացման ընթացքում, Միրա Անտոնյանի խոսքով, ստացել են երեխաների բռնության ենթարկվելու 19 ահազանգ և միջոցառումներ են ձեռնարկել՝ այդ երեխաներին օգնելու նպատակով։
Մանրամասները՝ տեսանյութում։