Բացել լրահոսը Փակել լրահոսը
080421ArayikHarutyunyanNikolPashinyan
A A
Պաշտոնական

Կարևոր է, որ ՌԴ նախագահի հետ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ. ՀՀ վարչապետը՝ ԱՀ նախագահին (տեսանյութ)

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 8-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ընդգծելով ՀՀ Կառավարության կողմից Արցախին ցուցաբերվող աջակցության գործուն ծրագրերի կարևոր դերը՝ երկրի ղեկավարը նշել է, որ ձևավորված համագործակցության շրջանակում հնարավոր է եղել նաև հստակորեն մշակել ապագայի անելիքները

«Բավարարված եմ մեր նախորդ քննարկումների արդյունքների հիման վրա կատարված աշխատանքով. Նախատեսված ծրագրերն արդեն փաստաթղթավորվում և զուգահեռ կյանքի են կոչվում: Նաև ուզում եմ կարևորել մեր հետագա անելիքները՝ անվտանգային և քաղաքական առումներով, մանավանդ՝ Արցախի կարգավիճակի հետ կապված

Այդ համատեքստում կարևորում ենք Ձեր այցելությունը Մոսկվա և Ռուսաստանի Դաշնության դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման առումով»,- ասել է Նախագահը և ավելացրել, որ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախում խաղաղ անդորրը պահպանելու տեսանկյունից ռուսական խաղաղապահ զորակազմի դերն անգնահատելի է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է, որ գործնականում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ամենօրյա ռեժիմով աշխատանք է իրականացվում Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ՝ կարևորելով այդ ընթացքում լայնածավալ ծրագրերի միասին իրականացումը: Ն. Փաշինյանի խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում 110 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագիրն, ըստ էության, երեք տարվա ընթացքում կյանքի կոչելու պարագայում կստացվի, որ այն մինչև այժմ Արցախում իրականացված բոլոր ծրագրերի հետ համադրելի ծրագիր է

«Նաև լավ առիթ է, որ Ձեզ հետ կիսվեմ Մոսկվա կատարած այցի արդյունքներով և տպավորություններով: Բնականաբար, Արցախի հարցը և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը Ռուսաստանի նախագահի հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկն է եղել և շատ կարևոր եմ համարում, որ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ»,- ասել է ՀՀ վարչապետը: