Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն․ նախարարը՝ Քոչարյանի արդարացման մասին (տեսանյութ)

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արդարացման վերաբերյալ լրագողների հարցադրումներին ի պատասխան՝ արձագանքեց, թե մեկնաբանություն չունի, գործով ներգրավված մարմինները և սուբյեկտները պետք է մեկնաբանություն տան․

«ես ցավ եմ ապրում տեղի ունեցած պրոցեսների մասով, և Մարտի 1-ի գործի նախաքննության փուլում դեռ կա գործ,  որ նախաքննութունը շարունակվում է, բայց կրկին պետք է ասեմ՝ դիմեք պատասխանատուներին»։

Ըստ Բադասյանի՝ Դատախազությունը պետք է որոշի՝ Առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը ենթակա է բողոքարկման, թե ոչ։

Բադասյանը չժխտեց, որ քաղաքական իշխանությունը, այդ թվում՝ ինքը, նախկինում հայտարարել են, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, բայց նշեց՝ հիմա ունենք  այլ հանգամանքներ՝ ՍԴ որոշում, կոնկրետ գործով ՍԴ որոշում, իրենք ասել են, որ բացահայտված են կոնկրետ դերակատարները, հրամանները, բայց իրենք դատական ակտ կայացնողներ չեն․

«Ես դատաիրավական ոլորտի բարեփոխումների պատասխանատուն եմ, քննադատությունների հիմնական թիրախն այն է, որ վեթինգ չի կատարվել, ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն ցանկացած պարագայում»։

Բադասյանի խոսքով՝ առնվազն հանրային ընկալում կա, որ  դատական համակարգի բարեփոխումների ոլորտում դանդաղկոտություն են ցուցաբերել, որոշ գործողություններ չեն կատարել․

«Ակնհայտ է, որ այս ոլորում ունենք ինստիտուցիոնալ մակարդակում հաջողություններ, և կա դժգոհություն այս առումով։ Ամեն կոնկրետ գործընթացի մասով կա կոնկրետ պատասխանատու, բայց կարծում եմ, որ հանրության հետ հարաբերություններում պետք է ազնիվ լինել և խոստովանել՝ մենք ունենք ձախողումներ»։

Նախարարի խոսքով՝ անկախ դատական համակարգ, բարեվարք դատավորների ունենալու պայքարը չի ավարտվել․

«Անձնապես իմ պայքարը չի ավարտվել, ինչ կարգավիճակով էլ դա լինի»։

«Ա1+»-ի հարցին, թե Առաջին ատյանի դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանին արդարացնելու վերաբերյալ դատական համակարգում բարեփոխումները ձախողելու հետևա՞նք է, Բադասյանն արձագանքեց, թե տարբեր մեկնաբանություններ կարելի է տալ․

«Կարելի է վկայել այն մասին, որ մենք մոտ էլ չենք անկախ դատական իշխանության սկզբունքին, խորքային պրոբլեմներ կան բոլոր մակարդակներում»։