Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահան-Քերոբյան-2
A A
Պաշտոնական

Տաշքենդում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 3-րդ նիստը

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 3-րդ նիստի աշխատանքներին  

«Իննոպրոմ մեծ արդյունաբերական շաբաթ Ուզբեկստանում» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ապրիլի 5-ին կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստի մասնակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական համագործակցության տեմպը բարձրացնելու խնդիրը: 

Նիստի օրակարգի առանցքային հարցը ավիացիոն արդյունաբերության ոլորտում ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության ակտիվացումն էր:

«Այս ոլորտում մեր երկրների ձեռնարկությունների ներուժը շատ մեծ է, և այն պետք է ամբողջությամբ իրացվի: Ռուսական կողմից նախաձեռնություն կար` Միության շրջանակներում ստեղծել համատեղ հանձնաժողով` օտարերկրյա և բարձր տեխնոլոգիական արտադրանքի ներմուծման փոխարինման հարցով: Դա անհրաժեշտ է, որպեսզի մեր երկրները կարողանան զարգացնել ինչպես արտադրական, այնպես էլ օդային փոխադրումների ոլորտը: Նման հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առաջարկներն արդեն ուղարկվել են Ռուսաստանի կառավարություն», - նշել է ԵՏՀ  արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը։ Նա նաև տեղեկացրել է ԵՏՀ հարթակում գործող արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի ներքո ավիացիոն արդյունաբերության  ոլորտում ճյուղային փորձագիտական ​​խումբ ստեղծելու մասին: Ներկայումս Միության երկրները պատրաստում են իրենց առաջարկները՝ Հանձնաժողով ներկայացնելու համար: Մասնավորապես, այս տարվա փետրվարին ԵԱՏՄ շրջանակում ավիացիոն արդյունաբերության ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված իր նախաձեռնություններն է ներկայացրել Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը: Այժմ կողմերն աշխատում են այդ առաջարկների վրա:

«Այս աշխատանքի հիմնական նպատակը, կարծում եմ, ակնհայտ է. մեզ համար սկզբունքորեն կարևոր է զարգացնել մեր իրավասությունները, ստեղծել աշխատատեղեր և ընդլայնել արտադրությունը: Ուստի ներմուծման արտոնությունները, մեր կարծիքով, պետք է տրամադրվեն բացառապես այն ապրանքների համար, որոնց պակասը կա Միությունում», - շեշտել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, նշել է, որ գլոբալիզացիայի ներկայիս ժամանակաշրջանում աճում է պետությունների փոխկապակցվածության աստիճանը կենսագործունեության բոլոր ոլորտներում, և այս համատեքստում տարածաշրջանային միությունների դերակատարումը գնալով նույնպես մեծանում է «Այսօր մենք կարող ենք քննարկել մեր տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու բարելավմանն ուղղված հետագա քայլերը։ Արդյունաբերական քաղաքականության խորհուրդը արդյունավետ հարթակ է մեր համատեղ աշխատանքի միջանկյալ արդյունքների ամփոփման համար և մեր արդյունաբերական քաղաքականության համակարգման գործում կարևոր նախաձեռնությունների հիմք է հանդիսանում։ Մեզ սպասում է ծավալուն համատեղ աշխատանք փոխգործակցության բոլոր ոլորտներում, մասնավորապես` կոոպերացիոն համագործակցության ընդլայնման, դեպի երրորդ երկրներ մեր ապրանքների առաջմղման, ԵԱՏՄ տարածքում ապրանքների, ծառայությունների և աշխատուժի տեղաշարժի խոչընդոտների ու սահմանափակումների հաղթահարման, մաքսային համագործակցության, տեխնիկական կարգավորումների թվայնացման ուղղությամբ։ Գիտատեխնիկական առաջընթացն ավելի ու ավելի է կանխորոշում արդյունաբերական ձեռնարկությունների զարգացման աստիճանն ու արագությունը: Այն ընդգրկում է նորարարության գործընթացի բոլոր օղակները։ Արտադրական ծախսերի մակարդակի վրա գիտատեխնիկական առաջընթացի ազդեցությունը մեծացնելու միտումը ավելի ու ավելի արդիական է դառնում մեր երկրների համար: Այս առումով մենք դրական ենք գնահատում արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների համար ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ կանխատեսվող պահանջարկի և առաջարկի հաշվարկման մեթոդաբանության մշակումը, որի հիման վրա հնարավորություն կունենանք պարզելու գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքների անհրաժեշտությունը՝ առաջարկի և պահանջարկի հավասարակշռությանը հասնելու նպատակով: Մենք ակնկալում ենք, որ մեր համատեղ փաստաթուղթը` «Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2025թ» ԵԱՏՄ անդամ երկրներին հնարավորություն կընձեռի որակապես նոր փոխգործակցություն ծավալել` համաշխարհային շուկայում արդյունավետ մտավոր և մրցակցային արդյունաբերություն կառուցելու համար», - ասել է Վահան Քերոբյանը:

Նիստի մասնակիցները քննարկել են «Ներդրումային նախագծեր» թվային հարթակի ստեղծումը, որն անհրաժեշտ է Միությունում արդյունաբերական կոոպերացիայի խորացման համար, ինչպես նաև պայմանավորվել են մշակել միջնաժամկետ ծրագրային փաստաթուղթ ` ռազմավարական կարևոր դեղորայքով ԵԱՏՄ երկրների ապահովման մակարդակը բարձրացնելու համար և հանձնարարել են  Հանձնաժողովին `այս հարցի քննարկումը կազմակերպել Միության պետությունների ղեկավարների մակարդակով: Կողմերը միակարծիք էին, որ COVID-19 համավարակի շրջանում նշված խնդրի  կատարումը առանձնահատուկ նշանակություն ունի:

Նիստի ընթացքում հավանության է արժանացել «Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2025 թվականը» նոր ռազմավարական փաստաթղթի նախագիծը: Այն կօգնի հաղթահարել այնպիսի լուրջ մարտահրավերներ, ինչպիսիք են աճող մրցակցությունը և տեխնոլոգիական հետամնացությունը:

Բացի այդ, կողմերը քննարկել են Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մասնակցությամբ ԵԱՏՄ երկրների կոոպերացիոն ծրագրերի ֆինանսավորման հնարավոր գործիքները: ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն համագործակցում են համակարգված հիմունքներով: Նախագծային պորտֆելն ընդլայնելու համար ֆինանսավորման նվազագույն շեմն իջեցվել է 30 մլն ԱՄՆ դոլարից մինչև 10 մլն ԱՄՆ դոլար, մշակվել է տոկոսադրույքների իջեցման հարցը, ինչն արտացոլված է ԵԱԶԲ-ի՝ 2018- 2022 թվականների ռազմավարության մեջ:

ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը հայտարարել է  ԵԱՏՄ միջպետական ​​ծրագրերի ֆինանսավորման հեռանկարների մասին: «Մեր երկրներն ավանդաբար կապված են հազարավոր արտադրական շղթաներով և ընդհանուր ենթակառուցվածքներով, որոնք կազմում են եվրասիական տնտեսական ինտեգրման հիմքը: Համագործակցության այս ներուժի պահպանումը, զարգացումը և ընդլայնումը բանկի գործունեության առանցքային խնդիրներից մեկն է: Աշխատանքի այս մասով մենք պատրաստ ենք սերտ համագործակցության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի հետ: Նման փոխգործակցության խոստումնալից ձև կարող է հանդիսանալ ԵԱՏՄ միջպետական ​​ծրագրերի և նախագծերի ֆինանսավորումը, որոնք համապատասխանում են բանկի առաքելությանը », - ասել է Նիկոլայ Պոդգուզովը: Նա նաև նշել է, որ որոշ դեպքերում  ԵԱԶԲ-ն կարող է աջակցել արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի իրականացմանը` ընկերությունների բաժնետիրական կապիտալում անմիջական մասնակցության միջոցով, նախաձեռնողների հետ լիովին կիսելով նախագծի ռիսկերը:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և 

հասարակայնության հետ կապերի վարչություն