Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133419
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց 300․1 հոդվածի մասով (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, արդարացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ դադարեցնելով նրա նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ 
 
Այդ մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից։
 
Քիչ առաջ դատավորը հրապարակեց դատական ակտը, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է և այդ մասով քրեական գործի վարույթը կարճվել է։
 
Դատական ակտի համաձայն՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով սույն հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ։ Դատարանը վերացրել է Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը և շարժական, անշարժ գույքի ու դրամական միջոցների վրա դրված կալանքը։ Համաձայն որոշման՝ վերացվել է Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը, ինչպես նաև նրա շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը։ 300.1 հոդվածով արդարացվել է նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
 
Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։ Քրեական հետապնդման մարմիններին՝ Ռ․ Քոչարյանից, Ս․ Օհանյանից, Յու․ Խաչատուրովից և Արմեն Գևորգյանից գրավոր ներողություն հայցելու պարտավորության վերաբերյալ միջնորդությունը նույնպես մերժվել է։
 
3-օրյա ժամկետում Ռ․ Քոչարյանին, Ս․ Օհանյանին, Յուրի Խաչատուրովին ու Արմեն Գևորգյանին կուղարկվեն ծանուցագրեր՝ արդարացվածի իրավունքների և դրանց իրականացման վերաբերյալ պարզաբանումներով։
 
Ռ․ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի մնացած մասով (կաշառք ստանալու դրվագով) քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա ապրիլի 13-ին, ժամը 13։00-ին։