Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դումանյան
A A
Սպորտ Պաշտոնական

Մեր մարզիկների ու մարզիչների շնորհիվ մենք բազում առիթներ ենք ունեցել համազգային հպարտություն զգալու․ նախարարի ուղերձը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Սպորտի միջազգային օրվա առթիվ

 

Հարգելի՛ հայրենակիցներ,

ապրիլի 6-ը Սպորտի միջազգային օրն է, որը կրում է «Հանուն զարգացման և խաղաղության» խորագիրը: Սպորտն աշխարհում բոլորին միավորող լեզուն է. այն թելադրում է հարգանքի ու համերաշխության, կարծրատիպերի ու սահմանների հաղթահարման, ներառման, ներշնչանքի, ավելիին հասնելու մթնոլորտ, սպորտն առողջ ու երջանիկ  լինելու մասին է: Այն պահանջում է այնպիսի որակներ, ինչպիսիք են ուժը, կամքը, նպատակասլացությունը՝ պսակված հաղթանակի աննահանջ ձգտմամբ: 

 

Մեր մարզիկների ու մարզիչների շնորհիվ  մենք բազում առիթներ ենք ունեցել համազգային հպարտություն զգալու, աշխարհի տարբեր ծայրերում հայկական եռագույնը ծածանելու: Եվ վստահ եմ՝ այդ առիթներն առաջիկայում կրկնապատկվելու, եռապատկվելու են: Այժմ ունենք օլիմպիական 6 ուղեգիր,  և  մարզաշխարհի մեր նվիրյալները ջանք չեն խնայում այդ թիվը  մեծացնելու, իսկ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում՝ նշանակալի նվաճումներ արձանագրելու ուղղությամբ:

Մարզաշխարհի՛ սիրելի ներկայացուցիչներ, սպորտի երախտավորներ, շնորհավորում եմ բոլորիդ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ամուր կամք, բազում նվաճումներ և հաղթանակներ՝ ի նպաստ խաղաղության և զարգացման:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ