Օրացույց․ 3-ը ապրիլի․ Գլխավոր դատախազը միջնորդեց կալանավորել Վանո Սիրադեղյանին, (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1995-ի ապրիլի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լռության օր է։ Հաջորդ օրը ընտրելու են Ամենայն Հայոց 131-րդ կաթողիկոսին։ Հիմնական մրցակիցները Արարատյան թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Առաջին Քեսաբցին։ Հաջորդ օրը Ազգային եկեղեցական սրբագումար ժողովում կաթողիկոս են ընտրում Գարեգին Առաջինին։
Հաշվիչ Դրամարկղային մեքենաները միավորում են մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ 2000 թվականի ապրիլի 3-ին նրանք հավաքվել են Ազատության հրապարակում եւ կառավարությանը կոչ են անում հրաժարվել այդ մեքենաների ներդրումից։ Նրանց ընդունում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանը եւ խոստանում փոքր բիզնեսի ձայնը հասցնել նախագահին։
Հակատուբերկոլուզային դիսպանսերի աշխատակիցները 5 ամիս աշխատանքի են գալիս առանց աշխատավարձի։ 2000 թվականի ապրիլի սկզբից նրանք վերջապես որոշում են չաշխատել։ Ապրիլի 3-ին նրանց գործադուլին արձագանքում է առողջապահության փոխնախարարը՝ 2-3 օրում որոշ մասը կստանաք, բայց լավ բան չեք անում։
Նույն վիճակն է Աբովյանի հակատուբերկուլոզային դիսպանսերում։ Այստեղ կառավարությունն ավելի անկեղծ է եղել՝ փող չունենք եւ վերջ։ Մի քանի աշխատող գործադուլ է հայտարարել։
Ազգային Ժողովում այս օրը սպասում են գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին։ Նա պետք է միջնորդի Վանո Սիրադեղյանին կալանավորելու համար, սակայն փոքրիկ խնդիր ունի՝ միջնորդողն ինքն է, թե այն դատավորը, որը կալանքի սանկցիա է տալիս։ Ազգային Ժողովի կանոնակարգն ասում է՝ միջնորդողը գլխավոր դատախազն է։
2000 թվականի այս օրը Վանո Սիրադեղյանի Հայաստանում գտնվելու վերջին օրն է։ Ապրիլի 4-ին նա հեռանում է Հայաստանից։ Նրա կինն ասում է՝ երեկ իրիկունը տանն էր, այսօր առավոտյան արդեն տանը չէր։ Ամուսնու հեռացումը նա չի կապում իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու փաստի հետ։
Ապրիլի 4-ին Բորիս Նազարյանը Ազգային Ժողովից ստանում է Վանո Սիրադեղյանին կալանավորելու մասին որոշումը, սակայն նախկին նախարարն արդեն անհետացել էր։
Ազգային Ժողովում այս օրը հետաքրքիր էր՝ հայտարարությունների ժամն ավարտվում է քաշքշուքով։ Հանրապետական պատգամավոր Վազգեն Խաչիկյանն անվանարկում է մի պատգամավորի, որը նախկին իշխանությունների երկրպագու է։ Արշակ Սադոյանի կարծիքով Խաչիկյանը խայտառակում է խորհրդարանին։ Խաչիկյանին պաշտպանում է Սուքիաս Ավետիսյանը։
Կոտայքի մարզի եզդիները շտապում են նախագահի նստավայր՝ նրանց իրավունքները ոտնահարված են։ Նրանց պարբերաբար ծաղր ու ծանակի են ենթարկում ներքին գործերի աշխատողները, փնտրում նույնիսկ Կարեն Դեմիրճյանին սպանողներին։ Երթուղային 14 համարի վարորդները պատգամավոր Մելիք Գասպարյանին մեղադրում են իրենց մի կտոր հացից զրկելու մեջ։ Գասպարյանին պատկանող «Արարատ» ձեռնարկությունը շահել է երթուղու սեփականաշնորհման մրցույթը եւ այս մարդիկ մնացել են անգործ։
2001թ ապրիլի 3-ի երեկոյան Քի Ուեսթում սկսվում են Ալիեւի եւ Քոչարյանի ուղղակի բանակցությունները, թվով 16-րդը։ Բանակցություններին Ադրբեջանը ներկայացել է լրագրողների հսկա բանակով, իսկ Ռոբերտ Քոչարյանին ուղեկցում է արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Ավելի ուշ հայտնի է դառնում, որ մեր պատվիրակության մեջ է եղել նաեւ Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը։
2009-ի ապրիլի 3-ին Հայաստանն ու Իրանը ստորագրում են երկաթուղու նախագծի իրականացման համագործակցության հուշագիր։ Նախնական հաշվարկներով, 470 կիլոմետր (որից 410-ը` Հայաստանի տարածքում) երկարությամբ երկաթուղու կառուցման համար կպահանջվի 1,2 միլիարդ դոլար:
2012-ի այս օրը խորհրդարանական նախընտրական եռուն շրջան է։ Թեկնածուներից մեկը առաջարկում է էժան փոշեկուլ քվեի դիմաց։ Բայց դա դժվար է ընտրակաշառք անվանել, քանի որ քվեարկության օրվանից շատ շուտ են արձանագրել։