Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սանկցիաներ կիրառվեցին Քոչարյանի պաշտպանների և մեղադրող դատախազների նկատմամբ (տեսանյութ)

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը:

Սա արդեն երկրորդ դատական նիստն է Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որը Ռոբերտ Քոչարյանին առաջադրված ՔՕ 300.1-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչեց: 

Մարտի 30-ի նիստը հետաձգվեց դատախազների բացակայության պատճառով: Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը ծանուցում էր ուղարկել, որ ծավալուն միջնորդություն են պատրաստում եւ խնդրել էին տեղափոխել նիստը ապրիլի 6-ին։

Այսօր դատական նիստում քննվում է դատախազների վարքագծի հարցը։ Դատախազները զարմացան, որ իրենց վարքագիծը քննարկման առարկա է դարձել, քանի որ պնդեցին՝ նիստին չեն ներկայացել հարգելի պատճառով և ներկայացրել են հիմնավորում։

Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը հայտարարեց՝ այս գործով մեղադրանքը պաշտպանում է առնվազն հինգ դատավոր, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ուստի Ալումյանը պնդեց․

«Հարգելի՛ դատարան, երկու դատախազները ասել էին, որ ծանրաբեռնված են միջնորդության հետ կապված, մնացած երեք դատախազի  չներկայանալը որևէ կերպ պատճառաբանված չէ, ի՞նչն էր խանգարում ներկայանալ, հետո գնալ միջնորդություն գրել, այսինքն՝ իրենք անօրինական ճանապարհով ձեզ ստիպեցին անել իրենց ուզածը։ Այդ օրը պետք է քրեական հետապնդումը դադարեցվեր 300,1 հոդվածով, դատախազները ձեզ թույլ չտվեցին, որ դա արվի, հինգ դատախազի գործողություն պետք է քննարկվի այստեղ, այդ թվում՝ գլխավոր դատախազինը, հինգ դատավորներն էլ պետք է ենթարկվեն պատասխանատվության»,-հայտարարեց Ալումյանը։

Այս դատական նիստում քննարկվում էր նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից մարտի 23-ին նիստում առանց դատարանի թույլտվության դատական նիստերի դահլիճը լքելու հարցը։

Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց ոչ իրավաչափ համարել փաստաբանների կողմից դահլիճը լքելու հանգամանքը, նաև ոչ իրավաչափ գնահատեց դատախազների՝ մարտի 30-ի նիստին չներկայանալը։

Դատարանը որոշեց՝ Արամ Վարդևանյանի, Հովհաննես Խուդոյանի և Հայկ Ալումյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ նկատողություն։ Նույն սանկցիան կիրառվեց նաև մեղադրող դատախազներ Պետորս Պետրոսյանի և Գևորգ Բաղդասարյանի նկատմամբ։