Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

ԱՄՆ պետքարտուղարության զեկույց. Հայաստանում դատավորների կոռուպցիան շարունակում է մնալ մտահոգիչ (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Մարդու իրավունքների պաշտպանության մասին իր ամենամյա զեկույցը, ուր առանձին անդրադարձ կա Հայաստանի՝ 2020 թ.-ի զարգացումներին

Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կենտրոնում է, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրերս պետքարտուղարության հրապարակած Մարդու իրավունքների պաշտպանության 2020 թ.-ի հերթական զեկույցում: ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ ցանկացած վայրում մարդու իրավունքների ոտնահարման անտեսումը նպաստում է ամենուր անպատժելիության զգացումի տարածմանը:

՛՛Հրապարակված զեկույցը ցույց է տալիս, որ այսօր մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միտումները սխալ ուղղությամբ են շարժվում՛՛,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Պետքարտուղարության Հայաստանի մասին զեկույցն անդրադառնում է ինչպես ՀՀ-ի ներքին խնդիրներին, ներառյալ դատական համակարգին, քրեակատարողական հիմնարկների վիճակին, սոցիալական տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմին: Զեկույցում նշվում է, որ ‘’Հայաստանի, Հայաստանի աջակցությունը վայելով անջատողականների և Ադրբեջանի մասնակցությամբ’’ շուրջ 44 օր տեղի ունեցան ինտենսիվ մարտեր, որոնց ընթացքում բոլոր կողմերից արձանագրվել են զգալի թվով զոհեր և վայրագություններ: Ըստ զեկույցի, Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, վերականգնել է վերահսկողությունը 1994 թ-ին կորցրած շրջանների նկատմամբ, որին հաջորդել է ռուսական խաղաղապահ առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ:

Ինչպես Հայաստանին վերաբերող հատվածում, այնպես էլ Ադրբեջանի զեկույցում ներկայացված են երկու կողմերի խախումներն ու բռնությունները՝ արձանագրված իրավապաշտպան կազմակերպույունների, ներառյալ Human Rights Watch-ի ու Amnesty International-ի կողմից: Դրանք ընդգրկում են խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումը, խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունները, գերիների սպանությունները, նրանց նկատմամբ անմարդկային վերաաբերմունքն ու այլ իրավախախտումներ:

Այլ խնդիրների մասով զեկույցն ընդգծում է, որ իշխանությունները քայլեր են ձեռնարկում նախկին և ներկա պետական պաշտոնյաների և իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ չարաշահումները հետաքննելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, զեկույցը մատնանշում է իրավապաշտպան շրջանակների կարծիքը, ըստ որի, իրավապահների չարաշահման նախկին դեպքերի նկատմամբ անպատժելիությունը շարունակում է նպաստել այս խնդրի պահպանմանը:

Պետքարտուղարության զեկույցն ընդգծում է, որ Հայաստանում չեն արձանագրվել կառավարության կողմից ապօրինի սպանության կամ անհետացման դեպքեր, չկան տեղեկություններ քաղաքական բանտարկյալների մասին, սակայն առկա են հաղորդումներ իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկվածների նկատմամբ շարունակվող խոշտանգումների կամ բռնության դեպքերի մասին: Ազատազրկման հաստատությունների սանիտարական պայմանները վատ են, բժշկական օգնության մակարդակը՝ անբավարար: Բանտերում գործում է հիերարխիկ հանցավոր համակարգ: Նուբարաշենի բանտում մարդկանց թիվը գերազանցում է թույլատրելի թվաքանակը: Ըստ զեկույցի, անցած տարվա ընթացքում տեղեկություններ են հաղորդվել նաև անօրինական ձերբակալությունների մասին:

Զեկույցում ասվում է, որ չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, Հայաստանում այն ընդհանուր առմամբ չի դրսևորվել որպես անկախ և անկողմնակալ: Դատավորների անաչառության նկատմամբ ժողովրդական վստահության մակարդակը ցածր է, մինչդեռ քաղաքացիական հասարակությունը շեշտում է, որ արդարադատության ոլորտը պաշտպանում է նախորդ իշխանությունների ներկայացուցիչներին՝ անընդմեջ կայացնելով նրանց համար բարենպաստ վճիռներ: Դատավորների կոռուպցիան շարունակում է մնալ մտահոգիչ, ընդգծում է պետքարտուղարությունը:

Ըստ զեկույցի, երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում, ներառյալ շինարարության, հանքաարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարգի, գնումների և պետական օգնության տրամադրման ասպարեզներում: Պետքարտուղարության կարծիքով, կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ գերխնդիր կառավարության համար, որը նախորդ տարվա ընթացքում շարունակել է միջոցներ ձեռնարկել կոռուպցիայի վերացման ուղղությամբ: