Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սա Հայաստանի առաջնությունը չէ

Սպորտ

Երեւանի «Փյունիկին» չհաջողվեց հաղթահարել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2010-11 թթ խաղարկության որակավորման 2-րդ փուլի արգելքը եւ դուրս մնաց պայքարից:

Մեր չեմպիոնը այս փուլի պատասխան խաղում սեփական հարկի տակ ընդունեց Սերբիայի չեմպիոն «Պարտիզանին» եւ զիջեց 0:1 հաշվով (առաջին խաղը նույնպես ավարտվել էր «Փյունիկի» պարտությամբ`1:3):

Հարկ է նշել, որ խաղը մեծ հետաքրքրություն չէր առաջացրել հանրապետության ֆուտբոլասերների շրջանում եւ «Հանրապետական» մարզադաշտում կրկին ավելի շատ էին թափուր մնացած աթոռները, քան զբաղեցրածները: Դա արդեն իսկ վկայում էր այն մասին, որ հայ ֆուտբոլասերներըը չէին հավատում «Փյունիկի» վերջնական հաջողությանը: Դա հաստատվեց նաեւ առաջին խաղակեսին ավելացված ժամանակի 4-րդ րոպեին, երբ հյուրերի բրազիլացի հարձակվող Կլեոն հուժկու հարվածով բացեց հաշիվը եւ էլ ավելի ամրապնդեց իր թիմի ընդհանուր առավելությունը: Ընդմիջումից հետո սերբերը պարզապես մեր ֆուտբոլիստներին թույլ չտվեցին ազատ շունչ քաշել եւ վստահ պահպանեցին հաղթական արդյունքը:

Խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին «Պարտիզանի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստանոյեւիչն ասաց, որ հաղթանակը դժվարությամբ ձեռք բերեցին, քանի որ ... շատ շոգ եղանակ էր: Իսկ ահա «Փյունիկի» նրա գործընկեր Վարդան Մինասյանը իր թիմի պարտությունը բացատրեց այն բանով, որ ֆուտբոլիստները չկարողացան ցույց տալ իրենց լրիվ պոտենցիալը. «Եվրոպական հանդիպումներին եթե անգամ մեկ ֆուտբոլիստի խաղը չի ստացվում, արդեն դժվար է հաջողութան հասնել: Սա Հայաստանի առաջնությունը չէ, որ 7-8 ֆուտբոլիստների լավ խաղի հաշվին կարողանաս հաղթանակ տանել: Այսօր մեր մի քանի ֆուտբոլիստները ֆունկցիոնալ առումով պատրաստ չէին խաղին»: