Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Համավարակի թվերը սկսել են աճել մոտ մեկ ամիս առաջ․ սա պայմանավորված չէ վարչապետի այցելություններով․ պատգամավոր (տեսանյութ)

Ինչպե՞ս է իշխանությունը պատրաստվում քարոզարշավ իրականացնել համավարակի աճող թվերի ֆոնին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն ասում է՝  արդեն ձեռք է բերվել նոր պատվաստանյութ, և պատվաստումների գործընթացն արդեն սկսվել է։

Զեյնալյանը նաև կարծում է՝ եթե զուգահեռ պահպանվեն հակահամաճարակային կանոնները, խնդիր չենք ունենա։

Պնդում է՝ համաճարակի թվերը սկսել են  աճել մոտ մեկ ամիս առաջ, և դա ամենևին էլ պայմանավորված չէ վարչապետի մարզեր այցելություններով․

«Արվում է առավելագույնը, որպեսզի կառավարելի լինի կորոնավիրուսի տարածումը»։

Հարցին, թե հնարավո՞ր է ինչ-որ փուլում իշխանությունը հետ կանգնի ընտրություններից համավարակի թվերի աճի պատճառով, Զեյնալյանն ասաց՝ եթե լինի այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտություն առաջանա կանգնեցնել  ընտրական գործընթացը, գուցե նաև դրան գնան։

Զեյնալյանն անդրադարձավ նաև Կառավարության կողմից ընդունված օրենքի նախագծին, ըստ որի՝ պետական պաշտոնյաների ընտանիքի անդամները սոցփաթեթի շրջանակներում կարող են մարզասրահ ու լողավազան այցելել։ Ընդգծեց՝ սա  բյուջեի վրա որեւէ ազդեցություն չի ունենա․

«Ընդամենը եւս մեկ հնարավորություն է սոցփաթեթի շրջանակներում։ Դա կնպաստի բնակչության առողջ ապրելակերպ մղելու ունակությանը, որպեսզի դա լինի բնակչության մոտ սովորություն նաեւ հրաժարվելու վնասակար սովորություններից, ծխելուց եւ պասիվ կյանքից։ Սոցփաթեթի շրջանակներում հնարավորություն էր տրվում 4 ուղղությամբ գումարը ծախսել, եւս մեկ ուղղություն ավելացել է։ Որեւէ խնդրահարույց բան չեմ տեսնում»,- ասաց Զեյնալյանը։

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահն  անդրադարձավ նաև «AstraZeneca» պատվաստանյութին և ռիսկերին, նշեց՝ մահվան ընդամենը 5 դեպք է գրանցվել, այն էլ՝ ուղիղ կապը հենց «AstraZeneca» պատվաստանյութի հետ ապացուցված չէ՝ առնվազն այս պահի դրությամբ․

«Որեւէ պատվաստանյութ որեւէ կողմնակի ազդեցությունից զերծ չի կարող լինել, բոլոր պատվաստանյութերն ունենում են որոշակի կողմնակի ազդեցություններ։ Դեռ պետք է ապացուցվի մահվան կապը կոնկրետ այդ պատվաստանյութի ներարկման հետ»,- նշեց նա։

Զեյնալյանի խոսքով՝ մի քանի երկիր հրաժարվել է  55 տարեկանից մեծ անձանց ներարկել այդ պատվաստանյութը, բայց մինչեւ այդ տարիքի անձանց ներարկվում է։