Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հաղթանակներ իտալական ձևով, սայթաքում՝ գերմանական ոճով. Ֆուտբոլի ԱԱ-2022-ում

Ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության եվրոպական գոտում կայացան ընտրական փուլի 3-րդ տուրի վերջին հանդիպումները:

Ընտրական B խմբում Իսպանիայի հավաքականը սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթելով Կոսովոյի ազգային թիմին, վաստակեց 7 միավոր և բարձրացավ 1-ին տեղ: Երկրորդ հորիզոնականում գտնվող շվեդներն ետ են մնում մեկ միավորով, սակայն նրանք մեկ խաղ քիչ են անցկացրել: Այս երկու թիմերն արդեն բավականին առաջ են պոկվել Հունաստանից, Վրաստանից և Կոսովոյից:

C խմբում միանձնյա առաջատար դարձավ Իտալիայի հավաքականը, որը հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասավ Լիտվայի նկատմամբ: Այսպիսով, իտալացիները տարան միևնույն հաշվով թվով երրորդ հաղթանակը և 9 միավորով սկսեցին գլխավորել աղյուսակը: Նրանց հաջորդում է Շվեյցարիայի ընտրանին, որը երկու խաղում տարել է նույնքան հաղթանակ և այժմ վստահ զբաղեցնում է 2-րդ տեղը, քանի որ Հյուսիսային Իռլանդիայի, Բուլղարիայի և Լատվայի հավաքականներն արդեն ետ են մնում 5-6 միավորով:

D խմբի մրցաշարային աղյուսակը, ինչպես և սպասվում էր, գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, որն այս տուրում հյուրընկալվելիս համեստ հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ՝ 1:0: Ֆրանսիացիները վաստակել են 7 միավոր: Նրանց հաջորդող Ուկրաինայի հավաքականն արդեն ետ է մնում 4 միավորով:

F խմբում մրցակցությունից դուրս է Դանիայի ազգային թիմը, որը Ավստրիայում 4:0 հաշվով ջախջախեց տանտերերի հավաքականին և տարավ 3-րդ անընդմեջ հաղթանակը: Դանիացիները երեք խաղում արդեն խփել են 14 անպատասխան գնդակ: Նրանց հաջորդում են շոտլանդացիները, որոնք սեփական դաշտում 4:0 հաշվով պարտության մատնեցին Ֆարերյան կղզիների թիմին և վաստակեցին 5 միավոր:

I խմբում իր հաղթարշավը շարունակեց Անգլիայի հավաքականը, որը սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց Լեհաստանին և ամրապնդվեց 1-ին տեղում: Աղյուսակի 2-րդ հորիզոնական բարձրացավ Հունգարիայի ընտրանին, որը հյուրընկալվելիս հեշտության հաղթեց Անդորային՝ 4:1, և վաստակած միավորների քանակը հասցրեց 7-ի:

J խմբում միանձնյա առաջատար դարձավ Հայաստանի ընտրանին, որը Երևանում 3:2 հաշվով պարտության մատնեց Ռումինիային և տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: Իսկ ահա մինչև այս տուրը մեր թիմի հետ հավասար ընթացող Գերմանիայի հավաքականը սեփական դաշտում անսպասելի զիջեց Հս. Մակեդոնիայի թիմին՝ 1:2: Ի դեպ, գերմանացի ֆուտբոլիստները աշխարհի առաջնության ընտրական փուլում վերջին անգամ սեփական դաշտում պարտվել էին 20 տարի առաջ, Անգլիայի հավաքականին, բայց ավելի խայտառակ հաշվով՝ 1:5: 

Հս. Մակեդոնիայի հավաքականը տարավ իր երկրորդ անընդմեջ հաղթանակը և այժմ Գերմանիայի հետ 6-ական միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը:

Աշխարհի առաջնության եվրոպական գոտում ընտրական մյուս տուրերի խաղերը տեղի կունենան աշնանը, քանի որ այս տարվա ամռանը պետք է անցկացվի աշխարհամասի հերթական առաջնությունը, որը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր 2020 թավականին: