Մեկ բրոնզե մեդալ
Աջակցիր «Ա1+»-ին
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկեց ըմբշամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը:
Առաջինը մրցագորգ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցումների առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին ընդամենը մեկ մեդալ:
Թեթեւագույն, 50 կգ քաշային կարգում, Աշոտ Խաչատրյանը առաջին փուլում հաղթեց ռուսաստանցի Ռոդիոն Աշանակովին, սակայն երկրորդում պարտվեց ամերիկացի Մակս Նոուրիին եւ դուրս մնաց պայքարից:
60 կգ քաշայինների մրցումներում Ալեքսան Միքայելյանը, հաղթահարելով առաջին երեք փուլերը, մտավ կիսաեզրափակիչ: Այստեղ նա, ավաղ, պարտվեց ադրբեջանցի ըմբիշին եւ չմտավ եզրափակիչ: 3-րդ տեղի համար գոտեմարտում Ալեքսան Միքայելյանը վստահ հաղթեց (5:0) դանիացի Ֆրեդրիկ Բյերեհուսին եւ նվաճեց բրոնզե մեդալ:
74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը նույնպես լավ սկսեց եւ առաջին մարտում հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Ուշան Չիտիաշվիլուն, բայց 1/8 եզրափակիչում պարտվեց Իրանը ներկայացնող ադրբեջանցի ըմբիշ Քյամալ Մոհամեդ Ալիզադեին եւ ավարտեց ելույթները:
96 կգ ըմբիշների մրցումներում Էդուարդ Սողոմոնյանը առաջին իսկ մրցամարտում զիջեց ռուսաստանցի Իսլամ Մագոմեդովին, սակայն քանի որ վերջինս մտավ եզրափակիչ, մեր ըմբիշը մասնակցեց սփոփիչ մրցաշարին: Նա հաղթեց առաջին երկու մրցակիցներին, սակայն երրորդ, վճռորոշ գոտեմարտում զիջեց գերմանացի Կոշում Էֆեին եւ զրկվեց նաեւ բրոնզե մեդալից:
Այսօր տեղի կունենան մնացած չորս քաշային կարգերի մրցումները: