Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ռուսաստանյան РБК հեռուստաալիքին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին:

Իլյա Դորոնով- Պարոն նախագահ, նախ և առաջ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք խոսել այս պահին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, քանի որ երկիրը կրկին հայտնվել է իր համար կրիտիկական նշանակություն ունեցող կետում: Ուստի իմ առաջին հարցն է՝ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է քաղաքական իրավիճակն այսօր Հայաստանում: Ի՞նչ եք կարծում՝ վերջին շրջանում շատ չե՞ն քաղաքական ճգնաժամերը փոքր երկրի համար:

ՀՀ նախագահ- Նախ, ուրախ եմ մեր հանդիպման համար: Ձեր հարցը և՛ հեշտ է, և՛ դժվար: Եթե մեր երկրում լիներ միայն քաղաքական ճգնաժամ, հնարավոր կլիներ ինչ-որ կերպ ապրել դրա հետ: Սակայն իրականում մեզ մոտ բազմաբաղադրիչ ճգնաժամ է: Մեզ մոտ հետպատերազմյան ճգնաժամ է, Ղարաբաղում տարածքների կորուստների ճգնաժամ, հազարավոր երիտասարդ կյանքերի ճգնաժամ, տնտեսական, առողջապահական ճգնաժամ՝ ինչպես և ողջ աշխարհում է: Մեզ մոտ կորոնավիրուսի հերթական ալիքն է: Բնականաբար, կա նաև բարոյահոգեբանական ճգնաժամ, քանի որ սա տանուլ տված պատերազմ էր: Ոմանց մոտ կա ինքնության ու ապագայի ճգնաժամ, այդ պատճառով այսօր ականատես ենք լինում, թե ինչպես են ոմանք լքում երկիրը:

Իլյա Դորոնով- Շատերը սկսել են խոսել այն մասին, որ Հայաստանից կրկին արտագաղթ է սկսվել:

ՀՀ նախագահ- Կրկին սկսվել է արտագաղթ: Հայաստանում լինում են դրական ու բացասական միգրացիաներ: Կա նաև Սփյուռքի հետ կապված ճգնաժամ, քանի որ Հայաստանն ու Սփյուռքը ամուր կապված են, մի ամբողջություն են, և ցանկացած բան՝ դրական կամ բացասական, որ տեղի է ունենում Հայաստանում, անմիջապես արտացոլվում է մեր եղբայրների ու քույրերի վրա Բուենոս Այրեսում, Մարսելում կամ Մոսկվայում: Ճգնաժամերը շատ են: Իհարկե, կա նաև քաղաքական ճգնաժամ: Մի քանի դիտարկում անեմ: Առաջինը. մեզ նման ժողովուրդը, մեր փոքր երկիրը պետք է ունենան ապագայի հստակ տեսլական, առաքելություն: Այսինքն, այդ տեսլականն այնքան հստակ ու ուժեղ պետք է լինի, որ առաքելություն դառնա։ Պետք է հստակ հասկանանք, թե ուր ենք գնում և ինչու:

Իլյա Դորոնով-Իսկ այն կա՞: Կա՞ն մարդիկ, ովքեր կարող են այն ձևակերպել:

ՀՀ նախագահ- Կարծում եմ՝ այն չկա: Որպես Հանրապետության նախագահ՝ հատկապես հիմա ես փորձում եմ դանդաղ, հստակ դրույթներով հասկացնել, որ այն կարևոր է: Առաքելությունն անհրաժեշտություն է, և այն չպետք է բխի որևէ մեկից: Այն պետք է լինի մի առաքելություն, որը կքննարկեն շատերը, նրանք, ովքեր մտածում են երկրի ապագայի մասին:

Իլյա Դորոնով- Նաև Սփյուռքի՞ ներգրավմամբ:

ՀՀ նախագահ- Բոլորի՝ նախ և առաջ Ռուսաստանի համայնքի, քանի որ այն ամենամոտն է: Հաջորդը՝ ժամանակակից Հայաստանը հասկանալու համար մյուս կարևոր գործոնն այն է, որ, ցավոք, հստակ առաքելության, ծրագրի բացակայության պատճառով մենք, որպես զգացմունքային ժողովուրդ, սկսեցինք հավատալ մեր երազներին: Այսինքն, երազանքն իրականության տեղ ընդունեցինք, և դա հասավ անհասկանալի չափերի: Օրինակ, շատ հայեր հավատում էին, որ Հայաստանն այսօր մի երկիր է, որն ունի շատ ուժեղ գիտություն: Հայաստանը եղել է շատ հզոր գիտություն ունեցող երկիր, երբ Խորհրդային Միության մաս էր...

Իլյա Դորոնով- Ուզում եմ մի դիտարկում անել նրանց համար, ովքեր չգիտեն. իմ առջև նստած անձը ոչ միայն Հայաստանի նախագահն է, այլև՝ գիտնական: Այդ պատճառով էլ Դուք տեղյակ եք գիտությունից և կարող եք խոսել դրա մասին:

ՀՀ նախագահ- Ցավոք, մեր Գիտությունների ակադեմիան այս 30 տարիների ընթացքում ավելի քան երեք անգամ կրճատվել է: Բարձրացել է աշխատակիցների միջին տարիքը: Շատ երիտասարդ գիտնականների համար ավելի հեշտ էր գտնել աշխատանք այլ համալսարաններում՝ Դուբնայում, Բերկլիում, ոչ Հայաստանում:

Իլյա Դորոնով- Ոչ Հայաստանի ներսում, ամենագլխավորը։

ՀՀ նախագահ-Ամենավատն այն է, որ՝ ոչ Հայաստանի ներսում։ Մենք պատրանք ունենք, թե Հայաստանը ՏՏ ոլորտում բարձր մշակույթ ունեցող երկիր է: Այն, որ մենք ունենք ՏՏ «կղզիներ», փաստ է: Կարող եք գտնել այնպիսի հիասքանչ կղզի, ինչպիսին, օրինակ, ԹՈՒՄՈ-ն է: Անգամ Եվրոպայում նմանը չեք գտնի: Հայերը դրանից կառուցել են նաև Փարիզի կենտրոնում, քանի որ Փարիզի քաղաքապետը, մեզ մոտ տեսնելուց հետո, ցանկություն էր հայտնել իրենց մոտ նույնպես ունենալ այդպիսի կենտրոն: Սակայն դա կղզյակ է: Եթե վերցնենք, ասենք, Բելառուսի օրինակը, նա մի քանի անգամ ավելի առաջ է, քան Հայաստանը: Իսկ ժամանակին մենք նույն կետից էինք սկսում...

Իլյա Դորոնով- Խորհրդային Միության փլուզումից հետո՞:

ՀՀ նախագահ- Այո: Եվ Հայաստանի ներուժը շատ ավելին է, քան Բելառուսինը, եթե նայենք այն հայկական ընկերություններին, որոնք աշխատում են ԱՄՆ Սիլիկոնյան հովտում և հայերին, ովքեր աշխատում են մեծ ընկերություններում: Ես 2019 թվականին ԱՄՆ-ում էի և այցելեցի Սիլիկոնյան հովիտ: Կարծում էի, թե ինձ հետ հանդիպման են գալու մոտ 100 մարդ, մինչդեռ եկել էին այնտեղ աշխատող շուրջ 1000 մարդ:

Իլյա Դորոնով- Հայե՞ր․․․

ՀՀ նախագահ- Հայեր, որոնք աշխատում էին Սիլիկոնային հովտում։ Եվ նրանք բոլորը պատրաստակամություն էին հայտնում օգնել Հայաստանին: Հայաստանի ամենամեծ առավելությունն այն է, որ թեպետ փոքր երկիր է, սակայն մենք համաշխարհային ազգ ենք, որն ունի հսկայական մարդկային ներուժ, բայց մենք այն սխալ ենք օգտագործում: