Բացել լրահոսը Փակել լրահոսը
AN3
A A
Պաշտոնական

Ադրբեջանցիների՝ վերջին շրջանում դրսևորած, այսպես ասած, ակտիվությունը չի կարող անարձագանք մնալ․ Արթուր Թովմասյանը՝ Դավիթ Բաբայանին

Մարտի 30-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն, հանդիպել արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ:

Քննարկվել են երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ հնչած հիմնական թեզերը, խորհրդարանի ղեկավարի խոսքով, համահունչ են նոր իրողություններին:

«Այսօր Արցախի անվտանգությունը համար մեկ խնդիրն է, ադրբեջանցիների՝ վերջին շրջանում դրսևորած, այսպես ասած, ակտիվությունը չի կարող անարձագանք մնալ: Խոսքը հայկական մեքենաների քարկոծման դեպքերի մասին է», - ասել է Արթուր Թովմասյանը:

Խոսվել է միջազգային ատյաններում այս և օրակարգային այլ հարցեր բարձրացնելու անհրաժեշտության մասին:

ԱԺ նախագահը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, նաև նշել տարբեր երկրների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման կարևորությունը։

ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը: «Ներքին բոլոր ռեսուրսները պետք է օգտագործենք, ստեղծենք ամուր թիկունք, որպեսզի արտաքին ճակատում լինենք ուժեղ », - ընդգծել է ԱԳ նախարարը:

Կողմերը պայմանավորվել են պարբերական բնույթ հաղորդել նման հանդիպումներին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 

լրատվության և հանրության հետ կապերի բաժին