Բացել լրահոսը Փակել լրահոսը
Father+helps+daughter+with+mask_82e9191c-c2a6-417c-9212-0df69a2539b8-prv
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսային իրավիճակը սրվում է․ պայքարը՝ աճող թվերի դեմ

Վերջին օրերին կորոնավիրուսային իրավիճակը մեր երկրում գնալով սրվում է․ այսօր, օրինակ, արձանագրվել է համավարակի 750 դեպք, երեկ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ Կովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին: 

Նա նաև նշել էր՝ «Կովիդ կենտրոնների» քանակը և մահճակալային ֆոնդն ընդլայնվում է, Սիմոնյանը կից տեղադրել էր Մարզահամերգային համալիրում տեղադրված մահճակալների նախորդ տարի արված լուսանկարը։

166401803_301005281453937_7050243027049968472_n

«Ա1+»-ը Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է համալիրում նորից մահճակալներ տեղադրվեն․ Խաչատրյանն արձագանքեց․

«Դեռ մեր հիվանդանոցային ֆոնդն ենք ավելացնում, սպասում ենք 7000 դեպքի, հիմա հիվանդանոցների և բժիշկների վիճակը շատ բարդ է, մարդկանց զգնության խնդիր կա, եթե կարողանանք պահպանել ամենապարզ կանոնները, կկոտրենք այս ալիքը»։

Հիշեցնենք՝ նախորդ տարի մարզահամերգային համալիրի հայտնի լուսանկարը մարդկանց շրջանում խուճապի ու անհանգստությունների ալիք էր բարձրացրել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

Վարչապետը հանձնարարել է ակտիվացնել տեսչական ստուգումները, հատկապես փակ տարածքներում և հանրային տրանսպորտում, շարունակել հանրային լայն իրազեկումը դիմակի կրման մշակույթը տարածելու ուղղությամբ։

 «Ա1+»-ը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հետաքրքրվեց՝ ի՞նչ աշխատանքներ են տարվում՝ այս հանձնարարականը կյանքի կոչելու համար։

Տեսչությունից հայտնեցին՝ այսօր առավոտից արդեն իսկ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, Կրթության, Շուկայի տեսչականներից փոխօգնության կարգով տեսուչներ են ներգրավել՝ համատեղ հրամաններով ստուգայցերն ավելի շատ և պարբերական դարձնելու համար։ 

Ուշադրության կենտրոնում են լինելու Առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն համաճարակային տեսանկյունից առավել լարված ոլորտները՝ տրանսպորտ, դպրոցներ, բուժհաստատություններ, փակ արտադրական տարածքներ։

Նաև տեղեկացրին՝  2021 թվականի հունվարի 14-ից մինչև մարտի 26-ը ներառյալ Տեսչական մարմնի մասնագետներն իրականացրել են 9113 ստուգայց, որի ընթացքում արձանագրվել է 1282 խախտում, տեղում տրվել է 224 նախազգուշացում, վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 15 արձանագրություն։

Դիմեցինք նաև ՀՀ ոստիկանություն՝ պարզելու՝ արդյո՞ք խստացնելու են հսկողությունը բաց և փակ տարածքներում դիմակների կրման վերաբերյալ․ մեր հարցադրումներին ի պատասխան՝ Ոստիկանության լրատվական վարչությունից ասացին

«Եթե ոստիկանության գործողությունների մեջ փոփոխություն լինի, մենք կտեղեկացնենք»։

Հիշեցնենք՝ համավարակի աճող թվերի ֆոնին հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ ընտրություններ, որին նախորդելու է քարոզարշավ, իսկ այս փուլում որոշ քաղաքական ուժեր, այդ թվում ՝ իշխող թիմի անդամները, այցելում են ՀՀ տարբեր մարզեր, բազմամարդ հանդիպումներ կազմակերպում մարզերի բնակիչների հետ, ընդդիմադիր որոշ ուժեր ևս իրականացնում են բազմամարդ հանրահավաքներ, երթեր։

Վերջինների ընթացքում դիմակ կրող քաղաքացիները մեծամասնություն չեն կազմում։