Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արդեն պարզ է՝ տեսանելի շրջանում Մարտի 1-ի գործը փակուղում էլ մնալու է․ իրավապաշտպան (տեսանյութ)

«Մարտի 1-ի գործը անընդհատ արհեստականորեն մտցվել է փակուղի և երբեք էլ փակուղուց դուրս չի եկել»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով 300,1 հոդվածի վերաբերյալ ՍԴ-ի կայացրած որոշմանը։

Հիշեցնենք՝ այս հոդվածով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ Այս հոդվածը ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց։

Ըստ Հարությունյանի՝ Մարտի 1-ի գործը 2018 թվականից հետո էլ փակուղուց դուրս չեկավ․

«Ճիշտ է, հասավ դատարան, բայց այդ դատական ընթացքը ավելի շատ թատրոն և ցուցադրություն էր հիշեցնում։ Հիմա ունենք այն, ինչ ունենք, արդեն պարզ է, որ տեսանելի շրջանում այդ գործը փակուղում էլ մնալու է»։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է, Հարությունյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը ապացուցել է, որ ինքը անհիմն հայտարարություններ անելու վարպետ է․

«Մարտի 1-ի գործի լուծումը փորձեցին քաղաքական եղանակով տալ, փորձեցին միայն Ռոբերտ Քոչարանի կալանավորումը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը ներկայացնել որպես Մարտի 1-ի գործի առանցք, հիմք և տապալվեցին։ Մարտի 1-ի գործը մեծ, լուրջ գործ է, սկսվել է 2007 թվականի աշնանից, երբ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը տեղեկացան, որ Տեր-Պետրոսյանը մտնում է ընտրության մեջ, այդ պահից սկսած մինչև ընտրոթյուններ, որոնք ուղեկցվել են բռնություններով, ապօրինություններով, ընդդիմադիր թեկնածուի վստահված անձանց նկատմամբ ֆիզիկական բռնությամբ, այնուհետև բուն Մարտի 1-ը, երբ կրակեցին խաղաղ ցուցարարների վրա, սպանեցին, հարյուրներ վիրավորվեցին, այնուհետև հետմարտիմեկյան շրջանը, երբ մենք ունեցանք հարյուրից ավելի քաղբանտարկյալներ, ովքեր մինչև հիմա արդարացված չեն»։

Ըստ Հարությունյանի՝ եթե մենք ունենայինք նորմալ արդարադատության համակարգ, Մարտի 1-ի գործի բոլորովին այլ ընթացք կունենայինք, բոլորովին այլ հանգուցալուծում․

«Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում վերջին երեք տարիներն, բերեց և հանգեցրեց Սահմանդրական դատարանի այս որոշմանը, խայտառակ պատերազմին և մյուս ձախողումներին։ Մենք 2018 թվականի ապրիլ-մայիսին իշխանության ենք բերել անգործների և անկարողների, որոնք պետք է տապալվեին և տապալվեցին»,-ընդգծեց Հարությունյանը։